Միլիոնավոր ուկրաինացիներ պատերազմական վիճակով պայմանավորված շարունակում են մնալ ԵՄ պաշտպանության ներքո։ 2026 թվականի փետրվարի դրությամբ՝ ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեն Ուկրաինան լքած 4.40 միլիոն ոչ ԵՄ քաղաքացիներ։ Ուկրաինացիները ժամանակավոր պաշտպանության համար ամենաշատը մեկնել են Գերմանիա, Լեհաստան և Չեխիա։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։
Այնուամենայնիվ, ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող անձանց թիվն աճել է 24 երկրներում, ընդ որում՝ բացարձակ թվով ամենամեծ աճը գրանցվել է Գերմանիայում, Չեխիայում և Իսպանիայում։ Ի հակադրություն սրա՝ նվազում գրանցած ԵՄ երեք երկրներն են Էստոնիան, Ֆրանսիան և Լյուքսեմբուրգը։
2026 թվականի հունվարի վերջի դրությամբ՝ Ուկրաինայի քաղաքացիները կազմել են ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանության շահառուների ավելի քան 98.4%-ը։ Նրանց թվում չափահաս կանայք կազմում են 43.5%, չափահաս տղամարդիկ՝ մեկ քառորդից փոքր-ինչ ավելին, իսկ անչափահասները՝ մոտ մեկ երրորդը (տղաները՝ 16%, աղջիկները՝ 14.2%)։
2026 թվականի հունվարից փետրվար ընկած ժամանակահատվածում ժամանակավոր պաշտպանություն ստացած չափահաս կանանց և երեխաների թիվն աճել է համապատասխանաբար 1.4 և 0.5 տոկոսային կետով։ Ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող մյուս ոչ ԵՄ քաղաքացիները Ռուսաստանից են (0.3%), Նիգերիայից (0.1%) և Ադրբեջանից (0.1%):
Ըստ Եվրոպական հանձնաժողովի՝ ժամանակավոր պաշտպանություն առաջարկող ԵՄ երկրները պետք է ապահովեն կացարան կամ բնակարան, սոցիալական բարեկեցություն, բժշկական օգնություն և կրթություն՝ մինչև 18 տարեկան անձանց համար։ Չնայած վտանգներին՝ ավելի քան 1.6 միլիոն մարդ վերադարձել է Ուկրաինայի ռազմաճակատային գոտիներ, ինչպիսիք են Խարկովի, Դոնեցկի, Խերսոնի և Սումիի մարզերը։
Ըստ «Save the Children» կազմակերպության հետազոտության՝ հարցված 172 ծնողների և խնամակալների երեք քառորդն ասել է, որ տան ու համայնքի կարոտը, ինչպես նաև օտարության մեջ մեկուսացվածության զգացումը դրդել են, որ վերադառնան Ուկրաինա։ Գրեթե յուրաքանչյուր երկրորդ ծնող նշել է, որ վերադարձել է, քանի որ իրենց երեխաները հյուրընկալող համայնքներում իրենց դժբախտ, սթրեսային կամ միայնակ են զգացել։ Բացի այդ, շուրջ 55%-ը մատնանշել է բնակարանների բարձր արժեքը կամ աշխատանք գտնելու դժվարությունները։
«Պատերազմական գոտի վերադառնալը երբեք այնպիսի ընտրություն չէ, որը որևէ մեկը թեթևությամբ է կատարում»,- նշել է Ուկրաինայում «Save the Children»-ի տնօրեն Սոնյա Քուշը:







