Իրանական պատերազմի հետևանքով առաջացած բնական գազի պահանջարկի կրճատումը կարող է վերածվել կառուցվածքային խնդրի, եթե հակամարտությունը շարունակվի: Այս մասին հայտարարել է Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գլխավոր քարտուղար Ֆիլիպ Մշելբիլան: Փոխանցում է «Reuters»-ը։
Փարիզում «Invest in African Energy» համաժողովին ունեցած ելույթում Մշելբիլան նշել է, որ պատերազմի հետևանքով համաշխարհային շուկայից դուրս է մնացել ավելի քան 500 միլիոն բարել նավթ և կոնդենսատ, ինչը համարվում է ժամանակակից պատմության մեջ էներգետիկ մատակարարման ամենախոշոր խափանումներից մեկը։
Ըստ նրա՝ թեև Պարսից ծոցի մատակարարումներից կախված երկրները արձագանքել են՝ անցնելով ածուխի օգտագործման և արագացնելով վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցումը, սակայն այս քայլերը ներկայումս կարճաժամկետ արձագանք են ճգնաժամին։
«Եթե հակամարտությունն այսօր ավարտվի, աշխարհը կվերականգնվի վեց ամսից մինչև մեկ տարվա ընթացքում։ Սակայն եթե այն շարունակվի վեց ամիս, ապա այն արագ փոփոխությունները, որոնք այժմ տեսնում ենք, կարող են դառնալ կառուցվածքային», – ասել է նա։
Նրա խոսքով՝ 2026 թվականը պետք է լիներ շրջադարձային գազային ոլորտի համար, և համաշխարհային շուկայի լարվածությունը պետք է փոխակերպվեր ավելցուկի։ «Ակնհայտ է, որ այս հակամարտությունը ազդել է այդ գործընթացի վրա, և դեռ պարզ չէ՝ դա պարզապես ուշացո՞ւմ է, թե՞ այդ ավելցուկը այլևս չի ձևավորվի», – նշել է Մշելբիլան։
Դիմելով աֆրիկյան երկրների էներգետիկայի նախարարներին՝ Մշելբիլան նշել է, որ Աֆրիկայի գազ արտադրող երկրները բաց են թողնում Մերձավոր Արևելքից մատակարարումների կրճատման և Հորմուզի նեղուցով բեռնափոխադրումների սահմանափակման հետևանքով առաջացած բացը լրացնելու հնարավորությունը։
«Ցավոք, թեև որոշ աֆրիկյան երկրներ ունեն ավելցուկային հզորություններ՝ ինչպես հեղուկացված բնական գազի (LNG), այնպես էլ խողովակաշարային մատակարարումների ոլորտում, դրանց մեծ մասը չի աշխատում ամբողջ հզորությամբ: Եթե նայենք Եվրոպա գնացող արտահանման խողովակաշարերին՝ Ալժիրից կամ Լիբիայից, դրանցից ոչ մեկը լիարժեք բեռնված չէ», – նշել է Մշելբիլան՝ հավելելով, որ արդյունքում Հյուսիսային Ամերիկայի արտադրողները գրավում են եվրոպական և ասիական գազի շուկաները։
«Սովորաբար նման ճգնաժամային իրավիճակում սա հնարավորություն է․ լրացրե՛ք, գրավե՛ք շուկան։ Ցավոք, մենք դա բաց ենք թողնում, քանի որ չունենք բավարար արդյունահանվող ծավալներ ենթակառուցվածքները լցնելու համար։ Պաշարները կան, սակայն դրանք դեռ հողի տակ են», – եզրափակել է նա։







