Եվրախորհրդարանում Կիպրոսը ներկայացնող պատգամավոր Կոստաս Մավրիդեսը Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցին տված հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Ըստ պատգամավորի՝ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի միայն որպես պատմական հիշողության հարց, այլ որպես դաս հայ ժողովրդի և բոլոր քաղաքակիրթ ազգերի ներկայի և ապագայի համար։
«Եվրոպական խորհրդարանը բազմիցս կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ մարդկության ամենասարսափելի վայրագություններից մեկը։ Իմ խորհրդարանական աշխատանքի և եվրոպական կառույցներում միջամտությունների միջոցով ես պաշտպանել և կշարունակեմ պաշտպանել պատմական ճշմարտությունը, զոհերի համար արդարադատությունը և հայ ժողովրդի պայքարը։ Թուրքիայում Հայոց ցեղասպանության շարունակական ինստիտուցիոնալ ժխտումը մարդկության դեմ իրականացրած հանցագործության շարունակությունն է և, միևնույն ժամանակ, պաշտոնական քաղաքականություն, որը հիմք է հանդիսանում նման հանցագործությունների կրկնության համար ապագայում»,- ասել է ԵԽ պատգամավորը։
Նա հիշեցրել է Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունն Ադրբեջանի կողմից, որը, ինչպես շեշտել է պատգամավորը, տեղի է ունեցել Թուրքիայի աջակցությամբ, իսկ դրան հաջորդել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու քաղաքականությունը։
«Իրական առաջադրանքը ոչ միայն ցեղասպանությունը կամ նմանատիպ հանցագործությունները դատապարտելն է դրանց տեղի ունենալուց հետո, այլև վճռականորեն գործելը՝ նման հանցագործությունները կանխելու համար՝ նախքան դրանց կատարումը»,- նշել է Մավրիդեսը։







