Վաշինգտոնում՝ «Washington Hilton» հյուրանոցում շաբաթ երեկոյան տեղի ունեցած կրակոցների գործով ձերբակալված կասկածյալը՝ Կալիֆորնիայի Թորանս քաղաքի բնակիչ 31-ամյա ուսուցիչ Քոլ Ալենը եղել է հյուրանոցի հյուրերից մեկը, որտեղ անցկացվում էր միջոցառումը։
Ալենը շարժվել է դեպի անվտանգության անցակետ՝ զինված որսորդական հրացանով, ատրճանակով և մի քանի դանակներով։ CBS-ի տվյալներով՝ միջադեպի ընթացքում արձակվել է 5-ից 8 կրակոց։ Չնայած հարձակվողին հաջողվել է վիրավորել անվտանգության ծառայության աշխատակցին, նա չի կարողացել առաջ անցնել անվտանգության գոտուց և մոտենալ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին։ Իրավապահները վնասազերծել են նրան դեպքի վայրում։ Կասկածյալը ֆիզիկական վնասվածքներ չի ստացել, սակայն տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտման համար։
ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը NBC-ի «Meet the Press» հաղորդման ժամանակ նշել է, որ հարձակման հստակ շարժառիթը դեռևս պարզվում է։ Այնուամենայնիվ, նախնական տվյալներով՝ կասկածյալը թիրախավորել է վարչակազմի պաշտոնյաներին, այդ թվում, հավանաբար, նաև նախագահ Դոնալդ Թրամփին։ Բերման ենթարկվելուց հետո Ալենն ինքը խոստովանել է իրավապահներին, որ նպատակ է ունեցել կրակ բացել Թրամփի վարչակազմի անդամների ուղղությամբ։
Հետաքննության տվյալներով՝ Ալենը Լոս Անջելեսից գնացքով մեկնել է Չիկագո, ապա՝ Վաշինգտոն։ Հետաքննությունների դաշնային բյուրոն (FBI) արդեն խուզարկություն է իրականացրել Կալիֆորնիայում նրա բնակության հասցեում, ինչպես նաև հյուրանոցային սենյակում։ Ըստ իրավապահների՝ Ալենը գործել է միայնակ։
Նշենք, որ միջադեպի պահին հյուրանոցում են գտնվել նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, ովքեր անհապաղ տարհանվել են և չեն տուժել։ Միջոցառմանը ներկա են եղել նաև փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նախագահ Թրամփն ավելի ուշ սոցցանցերում հրապարակել է ձերբակալված կասկածյալի լուսանկարը և նրան բնութագրել որպես «շատ հիվանդ մարդ» ու «հանցագործ», ով հարձակում է գործել ԱՄՆ Սահմանադրության վրա։ Քոլ Ալենին արդեն ներկայացվել են դաշնային մեղադրանքներ, այդ թվում՝ բռնի հանցագործության ընթացքում զենքի կիրառման և դաշնային պաշտոնյայի վրա հարձակման համար։ Հետաքննությունը շարունակվում է։








