Իրանի ճանապարհը չի սահմանափակվում միայն երկկողմ տնտեսական կապերով, այլ ապահովում է Հայաստանի կապը լայն տարածաշրջանների հետ՝ ներառյալ Հեռավոր Արևելքը, Չինաստանը, Հնդկաստանը, Պարսից ծոցի և արաբական երկրների շուկաները։ Այս մասին նշել է «Ապավեն» բեռնափոխադրական ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով քննարկման ընթացքում ունեցած ելույթում։
Աղաջանյանը կարևորել է Իրանի ուղղությամբ ճանապարհի ռազմավարական նշանակությունը՝ այն դիտարկելով որպես Հայաստանի արտաքին տնտեսական կապերի առանցքային ուղի։ Նա ընդգծել է, որ Իրանի հետ սահմանը կարևոր դեր է ունեցել Հայաստանի համար՝ թույլ տալով խուսափել լիարժեք շրջափակումից անկախության առաջին տարիներից ի վեր։
Նա նաև նշել է, որ Հայաստանի առկա լոգիստիկ հնարավորությունները թույլ են տալիս իրականացնել բեռնափոխադրումներ տարբեր ուղղություններով՝ ապահովելով մրցունակ պայմաններ միջազգային շուկաներում։
Աղաջանյանը կարևոր է համարել համապատասխան մեխանիզմների մշակումը՝ քաղաքական, տնտեսական և ֆինանսական մակարդակներում, որպեսզի հնարավոր լինի լիարժեք իրագործել առկա նախաձեռնությունները և հասնել շոշափելի արդյունքների։







