Թուրքական «T24»-ում հրապարակվել է հոդված «Հնարավո՞ր է փոփոխություն Հայաստանի հետ» վերնագրով, որտեղ նշվել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը ունի այնպիսի ներուժ, որը կարող է վերակառուցել ոչ միայն երկու երկրների, այլև ամբողջ տարածաշրջանի ապագան։
Ըստ հեղինակի՝ ուժերի հավասարակշռությունը փոխած հիմնական կետը Ղարաբաղյան երկրորդ պատերազմն է. «Ադրբեջանի ձեռքբերումները դաշտում ստիպել են Հայաստանին փնտրել նոր հավասարակշռություն, իսկ Թուրքիայի համար բացել են նոր հնարավորություններ Կովկասում»,-գրում է հեղինակը։
Նշվում է, որ 2022 թվականից սկսված հատուկ ներկայացուցիչների բանակցությունները, թեև տեսանելի չէին, բայց կարևոր առաջընթաց բերեցին։
Հեղինակն ընդգծել է, որ փակ սահմանը Արևելյան Անատոլիան դարձրել է «ծայրամաս», իսկ բաց սահմանը կարող է այն վերածել «անցումային գոտու». Թուրքիայի համար սա նշանակում է լոգիստիկ ծախսերի նվազում, արտահանման դիվերսիֆիկացում և «Միջին միջանցք»-ի ուժեղացում, Հայաստանի համար՝ ավելի էժան ներմուծում, ավելի լայն շուկաներ և տարանցիկ եկամուտներ։ Նշվում է, որ Թուրքիայի համար սա կարող է մեղմացնող գործոն լինել Արևմուտքի հետ հարաբերություններում, իսկ Հայաստանի համար՝ մեկուսացումից դուրս գալու հնարավորություն։
Ըստ հեղինակի՝ հասարակությունների միջև շփումների աճը ժամանակի ընթացքում կմեղմացնի նաև պատմական հիշողության սրությունը։ Սակայն, ներքին հանրային կարծիքը, պատմական հիշողությունը և տարածաշրջանային լարվածությունները ցանկացած պահի կարող են խանգարել գործընթացին։
Հեղինակն ընդգծել է, որ գործընթացի ամենակարևոր գործոններից մեկը Ադրբեջանն է։ «Անկարա-Բաքու ռազմավարական կապը սահմանափակում է Թուրքիայի հնարավորությունները։ Այդ պատճառով Անկարա-Երևան կարգավորումը չի կարող Բաքու-Երևան խաղաղ գործընթացից լիովին անկախ զարգանալ»,-գրում է հեղինակը։
Սակայն, ըստ հեղինակի, սա ոչ միայն սահմանափակում է, այլ նաև հնարավորություն։ Եթե գործընթացը համակարգված ընթանա, Հարավային Կովկասում կարող է ձևավորվել ավելի ամբողջական կայունություն։
Հեղինակի ընդգծմամբ՝ մյուս կարևոր դերակատարը Ռուսաստանն է, որի ազդեցությունը, սակայն, ոչ թե վերացել է, այլ դարձել է ավելի բարդ և բազմաշերտ։
Եզրակացության մեջ հեղինակը նշում է, որ Ջևդեթ Յըլմազի այցը այս փոփոխության հնարավորության նշան է, և եթե այս նշանը ճիշտ ընթերցվի՝ կարճաժամկետ հաշվարկներից դուրս, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորումը կարող է վերափոխել ոչ միայն երկու երկրների, այլ ամբողջ տարածաշրջանի ապագան։







