ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Պեկին ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում և Կորեական թերակղզում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնել է Չինաստանի կառավարությունը։
Թրամփի և Սի Ծինփինի հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերը։ Չինական կողմի փոխանցմամբ՝ Սի Ծինփինը շեշտել է, որ Պեկինի և Վաշինգտոնի հարաբերություններում առաջնային նշանակություն ունի Թայվանի հարցը։ Նրա խոսքով՝ եթե այդ հարցում համագործակցությունը կառուցվի «ճիշտ հիմքերի վրա», ապա չին-ամերիկյան հարաբերությունները «ընդհանուր առմամբ կայուն» կպահպանվեն։
Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր վարչակազմը պատրաստ է շարունակել աշխատանքը Չինաստանի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ։ Նա նաև ամերիկյան բիզնես շրջանակներին կոչ է արել ընդլայնել համագործակցությունը Պեկինի հետ։
Հանդիպման ավարտին երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են աջակցել միմյանց և մասնակցել այս տարվա ընթացքում նախատեսված Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաև G20-ի գագաթնաժողովին։







