Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը չի նշանակում կապիտուլյացիա, և Թեհրանը չի հրաժարվի երկրի ու ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանությունից։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում՝ ընդգծելով, որ Իրանը բանակցությունների մեջ է մտնում «արժանապատվորեն և իր ժողովրդի իրավունքները պաշտպանելով»։
«Երկխոսությունը չի նշանակում կապիտուլյացիա։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսության մեջ է մտնում արժանապատվորեն, հեղինակությամբ և ազգի իրավունքների պահպանմամբ և ոչ մի դեպքում չի նահանջի ժողովրդի և երկրի օրինական իրավունքներից», – նշել է նախագահը։ Նա հավելել է, որ իշխանությունները շարունակելու են պաշտպանել Իրանի շահերն ու ազգային պատիվը՝ ծառայելով ժողովրդին «տրամաբանությամբ և ամբողջ ուժով»։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով կարճ ժամանակով հետաձգում է Իրանի դեմ նախատեսվող գործողությունները՝ նշելով, որ ընթանում են լուրջ բանակցություններ՝ ուղղված իրավիճակի կարգավորմանը։








