«Մեր մեծագույն ջանքերի շնորհիվ ես ուզում եմ փաստել, որ մենք օրեցօր ավելի ենք մոտենում վիզաների ազատականացմանը, և սա կրկին շատ կարևոր և պատասխանատու արձանագրում է մեզ համար»,- այս մասին Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը նախ շնորհակալություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին Հայաստանի հետ շարունակական և կառուցողական համագործակցության համար՝ ընդգծելով առաջընթացի զեկույցում տեղ գտած դրական գնահատականները, որոնք, նրա խոսքով, չափազանց պարտավորեցնող են։
Ըստ նախարարի՝ Հայաստանը էապես կարևորում է այն, որ առաջընթացի զեկույցում առաջանցիկ տեմպեր են արձանագրվել հատկապես այնպիսի զգայուն ոլորտներում, ինչպիսիք են կենսաչափական փաստաթղթերը, կենսաչափական համակարգը, սահմանների կառավարումը, միգրացիայի և ապաստանի հարցերը։ Սարգսյանը նաև հավելել է, որ վերոնշյալ արձանագրումը, ըստ էության, ևս մեկ հնարավորություն է փաստելու, որ Հայաստանը կանխատեսելի, պատասխանատու և վստահելի գործընկեր է Եվրամիության համար։








