Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է Ուկրաինային շնորհել Եվրոպական միության «ասոցացված անդամի» կարգավիճակ, ինչը թույլ կտա երկիրը մոտեցնել բլոկին նախքան լիիրավ անդամակցության գործընթացի ավարտը։ Հայտնում է Deutsche Welle-ն։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտային հասցեագրված նամակում Գերմանիայի ղեկավարն առաջարկել է թույլատրել ուկրաինացի պաշտոնյաներին մասնակցել ԵՄ գագաթնաժողովներին ու նախարարական հանդիպումներին, սակայն առանց քվեարկության իրավունքի։ Մերցը նշել է, որ հաշվի առնելով բազմաթիվ խոչընդոտներն ու վավերացման գործընթացների քաղաքական բարդությունները՝ անդամակցության գործընթացը հնարավոր չի լինի ավարտել մոտ ժամանակներս, ուստի անհրաժեշտ է քաղաքական լուծում, որն Ուկրաինային անմիջապես կմոտեցնի ԵՄ առանցքային կառույցներին։
Ըստ գերմանական կողմի առաջարկի՝ այս կարգավիճակով Ուկրաինայի վրա կտարածվի բլոկի փոխօգնության դրույթը, և երկիրը հասանելիություն կստանա ԵՄ բյուջեի որոշակի ֆինանսավորմանը։ Մերցը միևնույն ժամանակ ընդգծել է, որ սա «թեթևացված անդամակցություն» չէ, և ինքը դեռևս ցանկանում է Ուկրաինային տեսնել որպես ԵՄ լիիրավ անդամ։ Բացի այդ, առաջարկվող համաձայնագիրը կարող է ներառել հատուկ հետադարձ մեխանիզմ (snap-back), որը կչեղարկի միջանկյալ անդամակցությունը, եթե Կիևը նահանջի իրավունքի գերակայության ստանդարտներից։
Կանցլերի խոսքով՝ պատերազմող երկրի կարգավիճակն հաշվի առնող այս քայլը կնպաստի նաև ընթացիկ խաղաղության բանակցություններին և էական նշանակություն կունենա ողջ մայրցամաքի անվտանգության համար։ Գերմանիայի ղեկավարը մտադիր է այս գաղափարները քննարկել եվրոպական այլ առաջնորդների հետ՝ նպատակ ունենալով շուտափույթ համաձայնության հասնել և ստեղծել մանրամասների մշակմամբ զբաղվող հատուկ օպերատիվ խումբ։






