Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է հարցին, թե արդյոք Ռուսաստանը դիտարկում է միակողմանիորեն չեղարկել գազի արտոնյալ մատակարարումների վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրերը ՝ հաշվի առնելով այն, որ Երևանը գնում է եվրաինտեգրման ճանապարհով: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին խնդրել է այդ հարցն ուղղել «Գազպրոմ»-ին՝ շեշտելով, որ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթի են։ Փոխանցում է «Արմենպրես»-ը։
«Դա «Գազպրոմ»-ին է պետք հարցնել, ինձ չեղարկման մասին ոչինչ հայտնի չէ։ Հայաստանի հետ «Գազպրոմ»-ի գազային համաձայնագրերը կոմերցիոն բնույթ ունեն։ Այնտեղ արտոնյալ գին կա, այն կարող է ավելի բարձր լինել, կարող է ավելի ցածր լինել, այն կարող է վերանայվել, և կորպորացիաները կարող են դնել այս հարցը։ Սա կորպորատիվ հարց է, և այդ հարցով պետք է դիմել «Գազպրոմ»-ին», – ասել է Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ արտոնյալ գինը, որով Հայաստանը գազ է ստանում, օգնություն է Ռուսաստանի կողմից։
«Արտոնությունը միշտ արտոնություն է ինչ-որ մեկի հաշվին։ Այսինքն, այն արտոնությունը, որ ստանում է Հայաստանը, այն միշտ ինչ-որ մեկի հաշվին է, այն երկնքից չի ընկել։ Դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Դա իսկապես մեր ներդրումն է Հայաստանի զարգացման մեջ։ Արտոնությունները կապված են նրա հետ, որ հայ ժողովուրդը Ռուսաստանի համար եղբայրական ժողովուրդ է։ Այդ երկիրը մեզ համար եղբայրական երկիր է, այն եղել և մնում է եղբայրական, բայց դա մեր հաշվին է, պետք է իրերը իրենց անուններով կոչել։ Դա մեր օգնությունն է Հայաստանին»,- ասել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օրեր առաջ անդրադառնալով ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման թեմային, հայտարարել էր, որ նման բան չի կարող լինել, քանի որ Ռուսաստանի հետ կան գործող համաձայնագրեր, որոնք պետք է պահպանվեն։
2013 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված համաձայնագրերով Ռուսաստանն այս պահին Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177.50 դոլարով։ Եվրոպայում, օրինակ, ռուսական գազի շուկայական գինը 1000 խորանարդ մետրի համար 633 դոլար է։








