Վրաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Newcaucasus փորձագիտական-վերլուծական հարթակի գլխավոր խմբագիր և հեղինակ, լրագրող Իրակլի Չիխլաձեն։ Այս մասին հայտնում է Newsgeorgia լրատվակայքը:
Չիխլաձեի ղեկավարած լրատվամիջոցը գործում է 2007 թվականից և մասնագիտացած է Հարավային Կովկասի քաղաքական գործընթացների լուսաբանման մեջ, իսկ դրա գործընկերների թվում տարբեր տարիների եղել են արևմտյան կազմակերպություններ ու հիմնադրամներ, այդ թվում՝ USAID-ն և NED-ը։ Իրակլի Չիխլաձեն նաև 2008 թվականի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի ժամանակ Ցխինվալիի շրջանում զոհված թղթակից Գիգի Չիխլաձեի եղբայրն է։
Ըստ մեղադրանքի՝ Չիխլաձեն, օգտագործելով լրագրողական, փորձագիտական և մասնագիտական այլ շրջանակներում իր կապերը, օտարերկրյա հետախուզությանը հետաքրքրող տեղեկություններ է հավաքագրել։ Վրաստանի պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) պնդմամբ՝ նա կապ է պահպանել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի հետ, իսկ տվյալների փոխանակումը կատարվել է ինչպես անձնական հանդիպումների, այնպես էլ ծածկագրման մեթոդների կիրառմամբ՝ էլեկտրոնային պաշտպանված կապուղիների միջոցով։ Փոխանցված տեղեկությունները վերաբերել են Վրաստանի ու հարևան երկրների քաղաքական ու տնտեսական գործընթացներին, ինչպես նաև ուժային և իրավապահ կառույցներում տիրող իրավիճակին։ Բացի այդ, ըստ իրավապահների, լրագրողն իր առցանց հարթակն օգտագործել է որպես քողարկում՝ տեղեկատուների ցանցը համակարգելու, տվյալներ հավաքելու և դրանք հետագայում օտարերկրյա կողմին փոխանցելու համար։
Դեպքի առթիվ հետաքննությունը վարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով («Լրտեսություն»), որը նախատեսում է 8-ից 12 տարի ժամկետով ազատազրկում։ Հատկանշական է, որ ավելի վաղ Թբիլիսիում համանման մեղադրանքով ձերբակալվել էր նաև «Եվրասիայի ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Գուլբաատ Ռցխիլաձեն։ Վերջինիս դեպքում քննությունը պնդում է, որ նա միանգամից երկու օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետ է համագործակցել:








