ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուիի հետ՝ խիստ քննադատության ենթարկելով Լիբանանում ռազմական գործողություններն ընդլայնելու նրա որոշումը։ Այս մասին հայտնում է Axios պարբերականը՝ նշելով, որ հեռախոսազրույցը եղել է «հայհոյանքներով լի»:
Հղում անելով ամերիկյան երկու պաշտոնյաների և զրույցի մանրամասներին ծանոթ ևս մեկ աղբյուրի՝ պարբերականը նշում է, որ Թրամփը Նեթանյահուին անվանել է «խելագար» ու մեղադրել երախտամոռության մեջ: Ըստ աղբյուրի՝ Թրամփի օգտագործած համեմատաբար մեղմ արտահայտություններից է եղել հետևյալը. «Հիմա բոլորն ատում են քեզ։ Սրա պատճառով բոլորն ատում են Իսրայելը»։
Պաշտոնյաներից մեկի փոխանցմամբ՝ սա Թրամփի և Նեթանյահուի ամենավատ հեռախոսազրույցներից մեկն է եղել, որի ընթացքում Թրամփը մի պահ նույնիսկ գոռացել է վարչապետի վրա։
Հեռախոսազրույցի մասին ԱՄՆ նախագահը նաև սոցցանցային գրառում է կատարել՝ ընդգծելով. «Ես շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ. զորքեր չեն ուղարկվի Բեյրութ, իսկ այն զորքերը, որոնք արդեն ճանապարհին էին, հետ են շրջվել»։
Ավելի ուշ Նեթանյահուի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ պնդելով, թե Իսրայելի դիրքորոշումը մնում է անփոփոխ. իսրայելական կողմը հարվածներ կհասցնի Բեյրութին, եթե «Հեզբոլլահի» հարձակումները չդադարեն, իսկ հարավային Լիբանանում ռազմական գործողությունները կշարունակվեն ըստ պլանավորվածի։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նեթանյահուն բանակին հրահանգել էր ընդլայնել Լիբանանում ռազմական գործողությունները: Իրավիճակի սրումից հետո Իրանն իր հերթին սպառնացել է դադարեցնել ԱՄՆ հետ ուղերձների փոխանակումը:







