Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի (KATSO) նախաձեռնությամբ, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ-ների, Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության (TOBB) աջակցությամբ Կարս քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի գործարար շրջանակների հանդիպում, որի ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորությունները տրանսպորտի, լոգիստիկայի, զբոսաշրջության և առևտրի ոլորտներում։ Այս մասին հայտնել են թուրքական ԶԼՄ-ները։
Հանդիպման բացման խոսքում Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը նշել է, որ Կարսը պատմության ընթացքում եղել է առևտրային ուղիների կարևոր կենտրոններից մեկը՝ ընդգծելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության նշանակությունը։
Բոզանը հայտարարել է.
«Տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացումը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապագայի համար։ Հուսով եմ, որ այսօր այստեղ կայացած յուրաքանչյուր հանդիպում կհանգեցնի նոր ներդրումների և բարեկամական կապերի ձևավորմանը»։
Թուրքիայի առևտրային պալատների և ապրանքային բորսաների միության վարչության անդամ և Էրզրումի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Ս․ Օզաքալընը հայտարարել է, որ գործարար աշխարհը կարևոր դեր ունի երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Հայկ Դարբինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր հնարավորություններ է ստեղծում տնտեսական համագործակցության համար։
«Հայաստանի և Թուրքիայի միջև ձևավորվող անմիջական առևտրային հնարավորությունները կարող են օգտակար լինել երկու երկրների համար»,- հայտարարել է Դարբինյանը։
Թուրքիայի ԱԳՆ Կովկասի հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Ա․ Ուզերն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։
«Հույս ունենք, որ 2026 թվականը կդառնա այն տարին, երբ այս նպատակները կվերածվեն իրականության։ Գործարար շրջանակների համագործակցությունը կնպաստի մեր հարաբերությունների ամրապնդմանը», -նշել է Ուզերը։
Պաշտոնական ելույթներից հետո թուրք և հայ գործարարները փակ ձևաչափով B2B հանդիպումներ են անցկացրել սննդի արդյունաբերության, տեքստիլի, շինարարության, զբոսաշրջության և տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են նոր առևտրային կապերի հաստատման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։







