Եվրամիության երկրները ցանկանում են փոխել ուկրաինացի փախստականների ընդունման կանոնները: Նոր առաջարկի համաձայն՝ 23-ից 60 տարեկան զինապարտ տղամարդիկ այլևս չեն կարողանա ավտոմատ կերպով ժամանակավոր պաշտպանության կամ փախստականի կարգավիճակ ստանալ Եվրոպայում: Այս մասին հայտնում է Euractiv լրատվակայքը:
ԵՄ երկրների ներքին գործերի նախարարները հարցը քննարկելու են այս շաբաթ կայանալիք նիստում, որից հետո Եվրոպական հանձնաժողովը պետք է հանդես գա պաշտոնական օրենսդրական առաջարկով։
ԵՄ երկրներն ընդգծում են, որ այս փոփոխությունը նաև Ուկրաինայի շահերից է բխում, քանի որ պատերազմի 5-րդ տարում Կիևը զինվորների ու աշխատուժի լուրջ պակաս ունի, իսկ Եվրոպան ցանկանում է աջակցել, որ տղամարդիկ մնան երկրում՝ այն պաշտպանելու և հետագայում վերականգնելու համար: Բացի այդ, եվրոպական կառավարություններին մտահոգում է այն փաստը, որ Ուկրաինայից նոր եկողների շրջանում աճել է հենց զինապարտ տարիքի տղամարդկանց թվաքանակը:
Հաստատվելու դեպքում այս սահմանափակումը կվերաբերի միայն այն տղամարդկանց, ովքեր նոր կժամանեն Եվրամիություն, իսկ նրանց, ովքեր արդեն Եվրոպայում են և ունեն այդ կարգավիճակը, փոփոխությունը չի առնչվի:
Ներկայումս ԵՄ-ում ժամանակավոր պաշտպանություն ունի 4,33 միլիոն ուկրաինացի, որոնց ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 98%-ը, բնակվում է Գերմանիայում (1,27 միլիոն), Լեհաստանում (961 405) և Չեխիայում (379 820): Փախստականների 43,3%-ը կանայք են, 30,1%-ը՝ երեխաները, իսկ 26,6%-ը՝ չափահաս տղամարդիկ:







