Եվրոպական միությունը պատրաստվում է աջակցել հայկական ծաղիկների արտահանմանը դեպի եվրոպական շուկա՝ մասնավորապես Լատվիա և Նիդերլանդներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի կողմից։
«Այսօր մենք ներկայացնելու ենք միջոց, թե ինչպես ենք օգնելու արտահանել հայկական հրաշալի ծաղիկները դեպի եվրոպական շուկա՝ մասնավորապես Լատվիա։ Բացի այդ, քննարկումներ են ընթանում Նիդերլանդներ արտահանելու վերաբերյալ»,-հայտարարել է ԵՄ դեսպանը։
Նա նաև նշել է, որ Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Եվրամիության անդամ պետությունները համատեղում են ջանքերը՝ գտնելու այն եղանակները, թե ինչպես կարելի է օգնել հայ արտադրողներին և արտահանողներին՝ ավելացնելով այդ ուղղությամբ ԵՄ աջակցությունը և օգնելով հայկական տնտեսությանը շարունակելու իր գործունեությունն ու գտնելու արտահանման նոր շուկաներ։
«Մենք արդեն իսկ աջակցության որոշակի ձևաչափ ունենք, որը փորձում ենք ընդլայնել և նոր միջոցներ ներդնել, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծենք արտադրողների և արտահանողների համար»,-ասել է Մարագոսը։
Նա շեշտել է, որ այս հարցերի շուրջ քննարկումներն ընթանում են ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մակարդակով՝ հայ գործընկերներին օգնելու նպատակով։
«Սա չի հանդիսանում աջակցության որևէ նոր միջոց․ սա շարունակությունն է այն ամենի, ինչը մենք արդեն իրականացնում ենք՝ փորձելով մեր աջակցությունը տրամադրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպանը։







