Լիբանանի հարավում գտնվող ՄԱԿ-ի խաղաղապահների դիրքերից մեկի վրա ականանետային արկեր են ընկնել, ինչի հետևանքով զոհվել է առաքելության մեկ խաղաղապահ, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Ալ-Ջազիրան»:
Զոհվածի քաղաքացիության, հարվածների համար պատասխանատու կողմի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվել: UNIFIL-ը հայտարարել է, որ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել։
UNIFIL-ը (United Nations Interim Force in Lebanon) Միացյալ Ազգերի Կազմակերպության խաղաղապահ առաքելությունն է, որը տեղակայված է Լիբանանի հարավում։ Այն ստեղծվել է 1978 թվականին՝ Իսրայելի և Լիբանանի սահմանին խաղաղությունն ու անվտանգությունը պահպանելու նպատակով։ Նախորդ տարի, ԱՄՆ-ի ճնշմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է բանաձև, որով առաքելության ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։








