Եմենի հութիների վերահսկողության տակ գտնվող զինված ուժերը հայտարարել են Իսրայելի դեմ ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկի մասին՝ նշելով, որ այսուհետ Կարմիր ծովի և Բեբ էլ-Մանդաբ նեղուցի տարածքով իսրայելական նավերի անցումը արգելվում է։ Այս մասին հայտնում է «Pars Today»-ը։
Եմենի զինված ուժերի խոսնակ Յահա Սարիի հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է տարածաշրջանում, մասնավորապես «Դիմադրության առանցքի» երկրների դեմ իրականացվող «ամերիկա-իսրայելական ագրեսիային» արձագանքելու նպատակով։ Նա ընդգծել է, որ հայտարարության հրապարակումից հետո Իսրայելի հետ առնչվող ցանկացած նավ, որը կանցնի այս ռազմավարական ջրային ուղով, կդիտարկվի որպես ռազմական թիրախ։
Սարին նաև հայտնել է Իսրայելի տարածքում, մասնավորապես Յաֆֆայի շրջանում,թիրախների ուղղությամբ իրականացված հրթիռային հարվածի մասին՝ նշելով, որ գործողության ընթացքում կիրառվել են մի քանի հրթիռներ։ Հութիների ներկայացուցիչը հայտարարել է, որ Եմենը պատրաստ է ավելի կոշտ արձագանքի՝ կախված տարածաշրջանում զարգացող իրավիճակից, և հետագա ռազմական գործողությունները կպլանավորվեն ըստ դաշտային իրավիճակի և «Դիմադրության առանցքի» կարիքների։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Բաբ էլ-Մանդեբ նեղուցը համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն ուղիներից մեկն է, և դրա օգտագործման ցանկացած սահմանափակում կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանային և միջազգային բեռնափոխադրումների վրա։







