Նավատերերը չեն վերսկսի Հորմուզի նեղուցով տարանցիկ փոխադրումները առնվազն մի քանի շաբաթ, քանի դեռ չեն համոզվել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունն իրական և կայուն բնույթ ունի։ Այս մասին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, «Financial Times»-ին հայտնել է աշխարհի խոշորագույն տանկերային օպերատորներից մեկի՝ «Mitsui OSK Lines»-ի գլխավոր տնօրեն Ջոտարո Տամուրան։
«Անհրաժեշտ է ոչ թե պարզապես համաձայնագիր կնքել, այլ ապահովել, որ այն իրական բովանդակություն ունենա և արտացոլի Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը, որպեսզի նավագնաց ընկերությունները կարողանան հանգիստ և անվտանգ անցնել այդ ճանապարհով։ Հաշվի առնելով վերջին ամիսների իրադարձությունները՝ կարծում եմ, որ դրա համար կպահանջվի առնվազն մի քանի շաբաթ, գուցե նույնիսկ մեկ ամիս», – նշել է Տամուրան։
«Financial Times»-ը նշել է, որ Տամուրան ավելի վաղ էլ զգուշացրել էր՝ չնայած ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնությանը, բազմաթիվ օպերատորներ դեռ կսպասեն, նախքան նեղուցով երթևեկությունը վերսկսելը։ Երկուշաբթի «Mitsui OSK Lines»-ը հայտարարել է, որ Թրամփի հայտարարությունը չի փոխել ընկերության ղեկավարության դիրքորոշումը։
Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Արսենիո Դոմինգեսի խոսքով՝ կազմակերպությունը ներկայում գնահատում է նավերի անվտանգ և հուսալի տարանցման հնարավորությունները և շարունակում է աշխատել նաև անվտանգ տարհանման միջանցքի ստեղծման ուղղությամբ այն նավաստիների համար, որոնք ավելի քան 100 օր արգելափակված են մնացել Պարսից ծոցում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը տեղի կունենա Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, որը նախատեսված է ուրբաթ՝ հունիսի 19-ին։







