Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ, խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրամիությունը կարող է վերածվել «առաջին և երկրորդ կարգի պետությունների միության», ինչը, նրա խոսքով, չի համապատասխանում այն մոդելին, որի համար Վրաստանը դիմել է անդամակցության։
Նա մեկնաբանել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունը, ըստ որի՝ նոր անդամ պետությունների համար հնարավոր է սահմանափակվի վետոյի իրավունքը։ Պապուաշվիլու խոսքով՝ նման դեպքում Վրաստանը և մյուս նոր անդամները կունենան պարտավորություններ, սակայն ոչ հավասար իրավունքներ, ինչի հետևանքով ԵՄ որոշումները կարող են ընդունվել առանց նրանց մասնակցության։
«Գործնականում սա նշանակում է, որ Եվրամիությունը կկարողանա որոշումներ ընդունել Վրաստանի ազգային շահերի համար էական նշանակություն ունեցող հարցերի շուրջ՝ առանց հենց Վրաստանի մասնակցության: Սա նշանակում է, որ ակումբ կընդունեն միայն այն դեպքում, եթե քո ձայնը կատարի զուտ դեկորատիվ գործառույթ: Եթե այս գաղափարն իրականացվի, ապա դա այլևս այն միությունը չի լինի, որի անդամակցության համար Վրաստանը դիմել է չորս տարի առաջ», – ասել է Պապուաշվիլին։
Վրացական ընդդիմությունն իր հերթին խիստ քննադատության է ենթարկել խորհրդարանի խոսնակի հայտարարությունը՝ այն որակելով որպես քարոզչական նախապատրաստություն՝ եվրոատլանտյան կուրսից ամբողջությամբ հրաժարվելու համար։ «Լելո -Ուժեղ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Սալոմե Սամադաշվիլին հայտարարել է, որ սա կարող է ԵՄ-ին անդամակցության դիմումի հետկանչի գործընթաց նախապատրաստել։







