Ադրբեջանի պետական պարտքերն ու վարկերը սպասարկելու համար ստեղծված հատուկ Երաշխիքային հիմնադրամի միջոցները կտրուկ նվազել են։ Պաշտոնական տվյալներով՝ միայն անցած տարվա ընթացքում այս հիմնադրամի ֆինանսները կրճատվել են 61 տոկոսով՝ 419 միլիոն մանաթից հասնելով ընդամենը 164 միլիոնի, իսկ վերջին հինգ տարիներին հիմնադրամի պահուստային միջոցները պակասել են շուրջ 11 անգամ: Այս մասին հայտնում են ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները:
Ադրբեջանի Երաշխիքային հիմնադրամը յուրահատուկ «պահուստային բարձիկ» է, որի հաշվին պետությունը փակում է իր երաշխավորությամբ վերցված արտաքին վարկերը, երբ պետական խոշոր ընկերությունները ձախողում են սեփական վճարումները։ Անցած տարի Ադրբեջանը ստիպված է եղել մարել 2,6 միլիարդ մանաթի պարտք, սակայն հիմնադրամն իր հաշվին վճարել է դրա չնչին մասը՝ ընդամենը 255 միլիոնը։ Մնացած հսկայական բացը կառավարությունը ստիպված է եղել փակել այլ աղբյուրներից՝ պետբյուջեի պահուստներից, Կենտրոնական բանկի շահույթից և բյուջեի հավելուրդից։
Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն անցած տարի պարտքեր մարելու համար ծախսել է մոտ 4,3 միլիարդ մանաթ, որի կեսը գնացել է հենց պետական ընկերությունների չվճարած վարկերը փակելուն։
Ըստ ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցների՝ խնդիրն ավելի խորն է. պետական ձեռնարկությունները պարզապես խուսափում են իրենց պարտավորություններից։ Օրինակ՝ պետության կողմից իրենց փոխանցված վարկերի դիմաց անցած տարի նրանք հիմնադրամին պետք է վերադարձնեին 200 միլիոն մանաթ, սակայն վճարել են ընդամենը 21 միլիոնը (նախատեսվածի 10%-ը)։ Բացի այդ, Ադրբեջանում օրենքով չեն հրապարակվում, թե կոնկրետ որ պետական ընկերությունների կամ ոլորտների պատճառով է պետությունը միլիարդավոր դոլարների կորուստներ կրում, և թե ում ձախողումներն են հանրության հարկերի հաշվին գաղտնի փակվում։








