Օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն «Ynet»-ի հետ զրույցում հայտարարել է, որ աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին: Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարն էր հայտարարել, որ կառավարության հաջորդ նիստում ներկայացնելու է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչող բանաձևի նախագիծը։ Կառավարության հավանությանն արժանանալուց հետո նախագիծը կուղարկվի խորհրդարան, տեղեկացրել էր ԱԳ նախարարը։
«Region Monitor»-ը այս թեմայի վերաբերյալ զրուցել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ։
Փորձագետի գնահատմամբ՝ Իսրայելի այս որոշումը պայմանավորված չէ հայ-իսրայելական հարաբերություններով, այլ առաջին հերթին երկրի ներքին քաղաքական, անվտանգային և աշխարհաքաղաքական հաշվարկներով։ Նրա խոսքով՝ գործընթացի հիմքում միաժամանակ մի քանի գործոններ են՝ տարածաշրջանային զարգացումները, Իսրայել-Թուրքիա հարաբերությունների սրացումը և ներքաղաքական իրավիճակը Իսրայելում։
Փորձագետը առանձնացրել է հատկապես Իսրայել-Թուրքիա հարաբերությունների աննախադեպ լարվածությունը՝ նշելով, որ վերջին շրջանում Անկարան կտրուկ խստացրել է իր հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ՝ կապված Գազայում շարունակվող գործողությունների հետ։ Նրա խոսքով՝ հենց այս ֆոնին էլ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կրկին հայտնվել է Իսրայելի քաղաքական օրակարգում՝ որպես պատասխան քայլ Թուրքիային։
«Իսրայելի կողմից այս քայլը որևէ կերպ պայմանավորված չէ Հայաստան-Իսրայել հարաբերություններով կամ Իսրայել-հայկական սփյուռք կամ Իսրայել-հայ համայնք, այլ պարզապես Իսրայելի նեղ քաղաքական շահերով։ Հետևաբար թեման որպես գործիք է օգտագործվում Թուրքիայի հետ հարաբերությունները պարզելու, Թուրքիային պատասխանելու համար, որը մեծ հաշվով նաև բարոյական քայլ էլ չէ։ Եթե լիներ այլ մղումներով, կարծում եմ, որ դրա անմիջապես արձագանքի կարիքը կլիներ»-ընդգծել է Արմեն Պետրոսյանը։
Բացի այդ, ուշադրության կենտրոնում է նաև Թուրքիայի՝ ամերիկյան F-35 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը, որի շուրջ քննարկումները, ըստ միջազգային մամուլի, կարող են ակտիվանալ առաջիկա ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։
«Իսրայելի գերնպատակն է, որպեսզի տարածաշրջանում որևէ երկիր չունենա այնպիսի օդուժ, որը կարող է մրցակցել իր հետ։ Այդ պատճառով Իսրայելը փորձում է թույլ չտալ, որ իր մրցակիցները ձեռք բերեն թե՛ F-35 կործանիչներ, թե՛ այնպիսի հնարավորություններ, որոնք կարող են խախտել տարածաշրջանային ուժերի ներկայիս հավասարակշռությունը», -նշել է փորձագետը։
Զրույցի ընթացքում փորձագետը նաև ընդգծել է ներքաղաքական գործոնը՝ նշելով, որ Իսրայելը պատրաստվում է ընտրությունների, իսկ գործող իշխանությունների դիրքերը բավականին բարդ են։ Այդ պայմաններում արտաքին սպառնալիքների թեման, այդ թվում՝ Թուրքիայի գործոնը, օգտագործվում է ներքաղաքական համախմբման նպատակով։
Եզրափակելով փորձագետը նշել է, որ թեև որոշումն արդեն ընդունվել է կառավարության մակարդակով, գործընթացը դեռ ավարտված չէ․ վերջնական փուլը Քնեսեթի հաստատումն է, իսկ մինչ այդ հնարավոր են տարբեր սցենարներ՝ սկսած քննարկումների խորացումից մինչև գործընթացի դանդաղեցում։ Պետրոսյանի գնահատմամբ՝ ամեն ինչ կախված կլինի առաջիկա օրերի Իսրայել-Թուրքիա հարաբերությունների զարգացումներից և ԱՄՆ միջնորդությամբ հնարավոր բանակցություններից։





