Եվրոպական միությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ գործընկերությունը արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումների առաջխաղացման և օրենքի գերակայության ամրապնդման գործում։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Երևանում անցկացվող «Եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակ» երկօրյա միջոցառման բացման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը։
Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել իրավական և ինստիտուցիոնալ համակարգի արդիականացման, իրավապահ և դատախազական մարմինների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։
Անդրադառնալով համաժողովի նշանակությանը՝ Մարագոսը նշել է, որ Եվրոպական միությունն ու Եվրոպայի խորհուրդը «Լավ կառավարման» գործընկերության շրջանակում շարունակում են աջակցել օրենքի գերակայության, ժողովրդավարական կառավարման և արդարադատության ինստիտուտների ամրապնդմանը՝ ընդգրկելով Արևելյան գործընկերության ամբողջ տարածաշրջանը։
«Այսօր մեր առջև ծառացած մարտահրավերները չեն սահմանափակվում ազգային սահմաններով։ Հանցավոր ցանցերը գործում են միջազգային մակարդակով, ուստի մեր արձագանքը նույնպես պետք է լինի համակարգված։ Նման համաժողովները հնարավորություն են տալիս փոխանակել փորձ, բացահայտել նոր սպառնալիքներ և ձևավորել մասնագիտական ցանցեր, որոնք կարևոր են արդյունավետ միջազգային համագործակցության համար»,- նշել է ԵՄ դեսպանը։
Վասիլիս Մարագոսը նաև ընդգծել է, որ Հայաստանը առանձնանում է ժողովրդավարական արժեքներին իր նվիրվածությամբ և կարևոր բարեփոխումներ իրականացնելու վճռականությամբ։
Նրա խոսքով՝ Եվրոպական միությունը ֆինանսական ակտիվների հայտնաբերումն ու բռնագրավումը դիտարկում է որպես լուրջ և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի առանցքային գործիքներից մեկը։
«Փողի հետևից գնալը շատ հաճախ հանցավոր ցանցերը քանդելու ամենաարդյունավետ միջոցն է։ Հանցագործներին ապօրինի շահույթից զրկելը ոչ միայն ապահովում է արդարադատություն, այլև վերացնում է հանցավոր գործունեությունը խթանող ֆինանսական շարժառիթները։ Միաժամանակ այս գործընթացը պետք է հիմնված լինի մարդու իրավունքների, պատշաճ դատավարության, իրավական որոշակիության, սեփականության իրավունքի պաշտպանության և դատական վերահսկողության սկզբունքների վրա»,- նշել է Մարագոսը։
Նա հավելել է, որ Եվրոպական միությունը կարևորում է նաև բռնագրավված և առգրավված ակտիվների պատշաճ կառավարումը՝ այն համարելով ակտիվների վերականգնման գործընթացի կարևոր բաղադրիչ։







