Թուրքական պետական «BOTAŞ» ընկերության կողմից կառուցված Իգդիր-Նախիջևան բնական գազի խողովակաշարով ամբողջությամբ ապահովվում է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գազի պահանջարկը։ Այս մասին գրում է թուրքական «Haberler» լրատվական կայքը։ Ըստ կայքի՝ ակնկալվում է, որ 2025-ի մարտին պաշտոնապես գործարկված գազատարն առնվազն առաջիկա 30 տարում ևս ամբողջությամբ կբավարարի Նախիջևանի էներգետիկ պահանջները:
Ըստ կայքի ընդհանուր առմամբ 80 կիլոմետր երկարությամբ գազատարն ունի օրական մինչև 2 մլն, իսկ տարեկան՝ շուրջ 500 մլն խմ թողունակություն։ Այս ծավալները լիովին բավարարում են Նախիջևանի մոտ 500.000 բնակչության կարիքները։
Նշենք, որ Իգդիր-Նախիջևան խողովակաշարի գործարկմամբ Նախիջևանն դուրս է եկել Իրանից ունեցած էներգետիկ կախվածությունից։ 2005-2025 թթ-ին տարածաշրջանի գազամատակարարումն իրականացվում էր Ադրբեջանի և Իրանի միջև կնքված գազի փոխանակման պայմանագրով։ Ըստ այդմ՝ Բաքուն գազ էր մատակարարում Իրանի Աստարա քաղաք, իսկ Թեհրանը սեփական տարածքով (Ջուլֆայով) համապատասխան քանակությամբ գազ էր հասցնում Նախիջևան։






