Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 6-ին մեկնել է Սիրիա՝ դառնալով Արևմտյան Եվրոպայի առաջին առաջնորդը, որն այցելել է երկիր Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից հետո։ Այս մասին հայտնել է Սիրիայի պետական SANA լրատվական գործակալությունը։
Մակրոնը Դամասկոս է մեկնել ֆրանսիական գործարար պատվիրակության ուղեկցությամբ։ Այցի ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաև տնտեսական համագործակցության և ներդրումային հնարավորությունների հարցերը։
Դամասկոսի օդանավակայանում Ֆրանսիայի նախագահին դիմավորել է Սիրիայի արտգործնախարար Ասաադ ալ-Շայբանին։
«Ես եկել եմ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը սիրիացի ժողովրդին՝ հանուն ինքնիշխան, բազմազանությամբ միավորված և հարևանների հետ խաղաղության մեջ ապրող Սիրիայի»,- գրել է Մակրոնը X սոցիալական հարթակում։
Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ Մակրոնը կհանդիպի նախագահ Ահմադ ալ-Շարաայի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցության զարգացումը, տնտեսական ծրագրերը և կստորագրեն մի շարք փոխըմբռնման հուշագրեր, որից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։
Սիրիայից հետո Ֆրանսիայի նախագահը կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ սպասվում է նաև Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի մասնակցությունը։
Հիշեցնենք, որ Մակրոնը դեռևս 2025 թվականի մայիսին Փարիզում ընդունել էր ալ-Շարաային և կոչ արել եվրոպական ու ամերիկյան գործընկերներին վերացնել Սիրիայի նկատմամբ երկարամյա պատժամիջոցները, որոնց մեծ մասը դրանից հետո չեղարկվել է։







