ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայում հուլիսի 8-9-ը կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում նախատեսում է հանդիպումներ ունենալ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Սիրիայի նախագահ Ահմադ ալ Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է «CNBC»-ն։
Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլիի խոսքով՝ Թրամփը գագաթնաժողովի ընթացքում նաև կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ այցի ավարտին հանդես կգա մամուլի ասուլիսով։
Վերջին օրերին Թրամփը հեռախոսազրույցներ է ունեցել ինչպես Զելենսկու, այնպես էլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զելենսկին հայտնել է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռազմաճակատում ստեղծված իրավիճակն ու պատերազմի ավարտի հնարավորությունները՝ նշելով, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այդ թեմայով քննարկումները կշարունակվեն։
Կրեմլի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովն էլ նշել է, որ Պուտինի հետ զրույցում Թրամփը վերահաստատել է ռազմական գործողությունների արագ դադարեցմանը և ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորմանն աջակցելու պատրաստակամությունը։
Սպիտակ տունը չի հրապարակել Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմադ ալ Շարաայի հանդիպման օրակարգը։ Միաժամանակ նշվել է, որ վերջին ամիսներին Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, թե Սիրիան կարող է դեր ունենալ Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացման գործում, այդ թվում՝ Լիբանանում գործող «Հեզբոլլահ»-ի հարցում, սակայն Ալ Շարաան ավելի վաղ ընդգծել էր, որ նման ծրագրեր չունի՝ նշելով, որ Թրամփի որոշ հայտարարություններ սխալ են մեկնաբանվել։








