ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաայի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ մտադիր է Սիրիան հանել ԱՄՆ-ի՝ ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից: Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն։
«Կարծում եմ՝ այո։ Ինչո՞ւ չպետք է անեմ»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվում է Սիրիան հեռացնել այդ ցանկից։
Թրամփը բարձր է գնահատել Սիրիայի նոր ղեկավարության գործունեությունը՝ նշելով, որ ալ-Շարաան «գերազանց աշխատանք է կատարել» և կարճ ժամանակում կարողացել է միավորել երկիրը։
«Նա իսկապես հրաշալի աշխատանք է կատարել նախագահի պաշտոնում։ Շատ կարճ ժամանակում միավորել է երկիրը։ Նա ուժեղ առաջնորդ է, որին բոլորը հարգում են»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նրա խոսքով՝ իշխանափոխությունից հետո Սիրիան «շատ կայուն» է դարձել, իսկ նախկինում երկիրը «իրական քաոսի» մեջ էր։ Թրամփը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն վերացրել է Սիրիայի նկատմամբ կիրառվող մի շարք պատժամիջոցներ՝ ընդգծելով, որ այդ քայլը նպաստել է երկրի կայունացմանը։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Սիրիայի նոր իշխանությունները կարող են աջակցել «Հեզբոլլահ»-ի դեմ պայքարին։ «Նրանք կարող են օգնել։ Կտեսնենք։ Կարծում եմ՝ զգալի առաջընթաց ենք գրանցում»,- նշել է նա։







