Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Ուկրաինայի Օդեսա քաղաքին։ Զոհվել է առնվազն երեք մարդ, ևս երեքը ստացել են միջին ծանրության մարմնական վնասվածքներ։
Օդեսայի քաղաքային վարչության հաղորդմամբ՝ հարվածները հասցվել են ավիացիոն հրթիռներով։
Ըստ ուկրաինական աղբյուրների՝ ռուսական հարվածների թիրախում են հայտնվել նաև Ուկրաինայի Չեռնիգովի և Սումիի մարզերը։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով՝ Չեռնիգովի մարզում մեկ մարդ զոհվել է։ Սումիի մարզում հասցված հարվածների հետևանքների վերաբերյալ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Տեղական իշխանությունները շարունակում են ճշտել զոհերի և տուժածների թիվը։








