Իրանի խորհրդարանի նախագահ, ԱՄՆ հետ բանակցային թիմի ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, անդրադառնալով Իրան-ԱՄՆ նոր լարվածությանը, հայտարարել է, որ Իրանը գոյաբանական պատերազմի մեջ է, որի նպատակը երկրի մասնատումն ու իսլամական համակարգի տապալումն է։ Փոխանցում է իրանական «Մաշրեղ» լրատվական կայքը:
Ղալիբաֆն ընդգծել է, որ Իրանը երբեք չի ձգտել պատերազմի, սակայն միշտ պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունն ու ազգային շահերը՝ միաժամանակ դիվանագիտությունն ու բանակցությունները դիտարկելով որպես դիմադրության ռազմավարության անբաժանելի մաս, այլ ոչ թե զիջում։ Նա հավելել է, որ համաձայնագրերը իմաստ ունեն միայն այն դեպքում, երբ դրանց դրույթները կատարվում են, և եթե Իսլամական Հանրապետությունը տնտեսական կամ քաղաքական օգուտ չստանա, ապա «ակն ընդ ական» սկզբունքով պարտավորված չի լինի հարգել դրանք, իսկ երկրի զինված ուժերն այսօր ունեն գործողությունների լիակատար ազատություն։
Խոսելով Հորմուզի նեղուցի մասին՝ պաշտոնյան պաշտպանել է 40-օրյա պատերազմի ընթացքում ջրային ուղու փակման որոշումը՝ շեշտելով, որ Թեհրանի ազգային անվտանգությունը պահանջում է պահպանել նեղուցում «իրանական կարգավորումները»:
Ըստ Ղալիբաֆի՝ փետրվարի վերջին սկսված պատերազմից հետո իրանական զինուժն իր վերահսկողությունն է հաստատել նեղուցի նկատմամբ, իսկ բանակցությունների ընթացքում այդ կարգավիճակն ամրագրվել է փոխըմբռնման հուշագրի 5-րդ կետում՝ դառնալով լծակ մյուս 4 կետերի կատարման համար։ Նա ԱՄՆ-ին մեղադրել է ուժի միջոցով այդ ձեռքբերումները թուլացնելու փորձերի մեջ՝ կոչ անելով իրանցի ժողովրդին համախմբվել երկրի գերագույն առաջնորդի շուրջ, չհավատալ հուսալքություն տարածող լուրերին և վստահել դիվանագիտական ու պաշտպանական ոլորտի ներկայացուցիչներին:








