Թուրքիայում վերջին 1 տարին նշանավորվում է քաղաքական նոր գործընթացներով. երբեմնի ամենաազդեցիկ ընդդիմությունը՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP), հայտնվել է ներքաղաքական ճգնաժամում, որը պայմանավորված է ղեկավարության լեգիտիմության շուրջ դատական վեճերով, ներքին պառակտմամբ և իշխանության համար պայքարով։ ԺՀԿ-ն Թուրքիայի Հանրապետության ամենահին քաղաքական կուսակցությունն է, որը 1923 թվականին հիմնադրել է Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը: ԺՀԿ-ն ուղղակիորեն կապված է ժամանակակից թուրքական պետության ստեղծման հետ և աշխարհիկ-արևմտամետ գաղափարներով տարիներ շարունակ եղել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը։
ԺՀԿ-ի դիրքը և նշանակությունը Թուրքիայի քաղաքական համակարգում
Ներկայումս Ժողովրդահանրապետական կուսակցությունը (CHP) Թուրքիայի Ազգային մեծ ժողովում ունի 135 պատգամավորական մանդատ և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից (ԱԶԿ) հետո (277 մանդատ) երկրորդ քաղաքական ուժն է։ Չնայած 2023թ․ ԺՀԿ-ական Քեմալ Քըլըչդարօղլուն պարտվեց Էրդողանին նախագահական ընտրություններում՝ 2019 և 2024թթ․ ԺՀԿ-ի առաջադրած թեկնածուները՝ Էքրեմ Իմամօղլուն և Մանսուր Յավաշը հաղթեցին Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքների՝ Ստամբուլի և Անկարայի ՏԻՄ ընտրություններում և ընդդիմության դիրքը քաղաքական դաշտում էլ ավելի ամրապնդվեց։ Այս իրողությունը ևս աննախադեպ էր, սակայն, հաշվի առնելով այն, որ այդ քաղաքներում կենտրոնացած է երկրի բնակչության կրթված և ազատամիտ զանգվածը, ընդդիմության հաղթանակն անկանխատեսելի չէր։
Էքրեմ Իմամօղլուի կալանավորումը և ընդդիմության զանգվածային բողոքի շարժումը
Ստամբուլի քաղաքապետ, ԺՀԿ-ական Էքրեմ Իմամօղլուն հավակնում էր դառնալ 2028թ․ կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանի ուժեղագույն մրցակիցը։ Սակայն, կուսակցության «մայրամուտը» սկսվեց այն բանից հետո, երբ 2025թ․ մարտին Ստամբուլի համալսարանը չեղարկեց Էքրեմ Իմամօղլուի բարձրագույն կրթության դիպլոմը, ինչից հետո նրա նկատմամբ հարուցվեցին նաև դիպլոմի օրինականության վերաբերյալ դատական վարույթներ։ Դրանից կարճ ժամանակ անց Իմամօղլուն կալանավորվեց կոռուպցիայի, փողերի լվացման և ահաբեկչության հետ կապ ունենալու մեղադրանքներով․ դատական գործընթացները շարունակվում են առ այսօր։
Իմամօղլուի կալանավորումից հետո մարտ-ապրիլ ամիսներին Թուրքիայի գրեթե բոլոր շրջաններում ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելի գլխավորությամբ սկսվեցին լայնածավալ բողոքի ակցիաներ, կազմակերպվեց ստորագրահավաք, որին մասնակցեց շուրջ 15 մլն մարդ՝ պահանջելով ազատ արձակել Իմամօղլուին և երկրում անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ։ Օզելի խոսքերով՝ նպատակը 27,7 մլն ստորագրություն հավաքելն էր, որը խորհրդանշում էր 2023թ․ նախագահական ընտրություններում Էրդողանի ստացած ձայների քանակը։
Ցույցերը դարձան վերջին տարիների ամենախոշոր հակակառավարական բողոքները։ Այնուամենայնիվ, անգամ 15 միլիոն ստորագրությունից հետո Էրդողանի վարչակարգը ոչ միայն զիջումների չգնաց, այլև պահանջված արտահերթ ընտրություններն այդպես էլ իրականություն չդարձան․ ընդդիմությանը չհաջողվեց հանրային մոբիլիզացիան վերածել կայուն քաղաքական առավելության։ Սա ընդդիմադիր ընտրողի մոտ առաջացրեց լայնածավալ հիասթափություն: Բողոքի շարժման սկզբնական թափը ժամանակի ընթացքում մարեց։
Ներկուսակցական ճգնաժամի խորացումը
Մինչ իշխանությունը կարողացավ պահպանել վերահսկողությունը քաղաքական գործընթացների նկատմամբ, ընդդիմությունը հայտնվեց ներքին ճգնաժամի և առաջնորդության շուրջ տարաձայնությունների մեջ, որը հետզհետե ավելի խորացավ։ 2026 թվականի մայիսի 21-ը կարելի է համարել Թուրքիայի ընդդիմության ներսում բացահայտ երկպառակության սկիզբը, երբ Անկարայի դատարանը անվավեր ճանաչեց 2023թ․ ԺՀԿ 38-րդ համագումարը, որի պատճառով այդ համագումարում կուսակցության նախագահ ընտրված Օզգյուր Օզելը և ղեկավարության մյուս անդամները հեռացվեցին իրենց պաշտոններից։ Դատական հիմնավորման մեջ նշվեց, որ համագումարում պատգամավորների կամքի վրա եղել են ճնշումներ, կաշառքներ և պաշտոնների խոստումներ։ Արդյունքում Քեմալ Քըլըչդարօղլուն, որը կուսակցության նախագահ էր ընտրվել նախորդ՝ 37-րդ համագումարում, վերականգնվեց կուսակցության նախագահի պաշտոնում՝ իր համախոհների հետ միասին։ Այս գործընթացը հայտնի դարձավ «Մութլաք բութլանի ճգնաժամ» կամ «Մութլաք բութլանի գործ» անվամբ (իրավաբանական ձևակերպմամբ՝ թուրքերեն mutlak butlan նշանակում է «բացարձակ անվավերություն» կամ «ի սկզբանե ոչնչություն»․ այսպիսով համագումարը ճանաչվեց իրավական ուժից զուրկ)։
Դատարանի որոշումը տարածվեց նաև կուսակցության՝ վերջերս անցկացված արտահերթ համագումարի վրա։ Տեղական և միջազգային լրատվամիջոցները, ինչպես նաև տարբեր կազմակերպություններ ընդգծեցին, որ սա աննախադեպ էր Թուրքիայի քաղաքական պատմության մեջ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ դատարանի որոշմամբ պաշտոնանկ արվեց ժողովրդավարական ճանապարհով ընտրված կուսակցական ղեկավարությունը։
Ըստ Օզելի՝ տեղի ունեցածը հերթական ներկուսակցական հակամարտությունը չէր, այլ քաղաքական միջամտություն, որը, հավանաբար, իրականացվել էր իշխանական կառույցների կողմից՝ դատական համակարգի միջոցով։
Մայիսի 24-ին ոստիկանությունը բախումներից հետո ազատեց ԺՀԿ-ի կենտրոնական գրասենյակը, որտեղ գտնվում էին Օզգյուր Օզելի և Իմամօղլուի կողմնակիցները։ Նրանց ստիպեցին լքել շենքը, որից հետո Քըլըչդարօղլուն իր համակիրների հետ մուտք գործեց գրասենյակ։
ԺՀԿ-ում փաստացի ձևավորվեցին ազդեցության երկու հիմնական բևեռներ։ Կուսակցությունը կիսվեց 2 մասի՝ Քըլըչդարօղլուն փորձեց վերահսկել կուսակցության գլխավոր գրասենյակը (գլխավոր վարչությունը), իսկ Օ․ Օզելը՝ խորհրդարանական խմբակցությունը․ մի կողմում Քեմալ Քըլըչդարօղլուի կողմնակիցներն էին, որոնք դատարանի որոշումը համարում էին կուսակցությունում օրինականության վերականգնում, մյուս կողմում՝ Օզգյուր Օզելի և կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի շուրջ համախմբված թևը, որը որոշումը գնահատում էր որպես դատական համակարգի միջոցով իշխանությունների միջամտություն ընդդիմության ներքին գործերին։ Վերջիններիս համոզմամբ՝ դատավարության հիմնական նպատակը ոչ միայն ԺՀԿ-ի ղեկավարության փոփոխությունն էր, այլև Իմամօղլուի քաղաքական ազդեցության սահմանափակումը և 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ ընդդիմության ամենահավանական թեկնածուի թուլացումը։
Կուսակցության ներսում Օզելի կողմնակիցները հունիսի 11-ին հայտարարեցին ԺՀԿ խորհրդի 57 անդամից 28-ի հրաժարականի մասին, իսկ հունիսի 17-ին նոտարական կարգով վավերացված 833 ստորագրություններ հանձնեցին գլխավոր գրասենյակ՝ արտահերթ համագումար հրավիրելու և Օզելին օրինական ճանապարհով հետ բերելու համար, սակայն Քեմալ Քըլըչդարօղլուի վարչակազմը հայտարարեց, որ չի պատրաստվում արտահերթ համագումար հրավիրել՝ հիմնավորելով, որ «բացարձակ անվավերության» որոշումից հետո 38-րդ համագումարում ընտրված պատվիրակների իրավական կարգավիճակը վիճարկելի է, հետևաբար նրանց ստորագրությունները չեն կարող հիմք հանդիսանալ արտահերթ համագումար հրավիրելու համար։
Նոր քաղաքական ուժի ստեղծման սցենարը
Արտահերթ համագումար անցկացնելու փորձերի ձախողումից հետո թուրքական քաղաքական դաշտում ակտիվորեն սկսեցին քննարկվել Օզելի և նրա թիմի կողմից նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու հնարավորության մասին տեղեկությունները։ Այս խոսակցությունները հատկապես ուժեղացան այն բանից հետո, երբ ԺՀԿ պատգամավոր Սուլեյման Բյուլբյուլը հայտարարեց, թե հուլիսի 20-ից հետո շուրջ 100 պատգամավորի մասնակցությամբ կարող է ստեղծվել նոր քաղաքական ուժ։
Ի պատասխան այդ տեղեկությունների՝ Օզգյուր Օզելը հայտարարեց, որ նոր կուսակցության ստեղծումը չի նշանակում ԺՀԿ-ից հրաժարվել․ այն հնարավոր սցենար է, եթե իրավական ճանապարհով հնարավոր չլինի պահպանել կամ վերականգնել կուսակցության գործունեությունը։ Նա նշեց, որ այդ պարագայում հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին կարող են ձեռնարկվել նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու գործնական քայլեր։ Նրա խոսքով՝ արդեն աշխատանքներ են տարվում կուսակցության անվանման և տարբերանշանի շուրջ, իսկ լայն ընդունում գտած անվանում արդեն ուրվագծվում է, թեև վերջնական որոշում դեռ չի կայացվել։ «Առայժմ այն անվանենք «Նոր կուսակցություն»»,– հայտարարել է Օզելը՝ ընդգծելով, որ վերջնական քայլերը կախված են լինելու առաջիկա շաբաթների իրավական զարգացումներից և համաձայնեցվելու են կուսակցության ընտրված նահանգային ղեկավարների հետ։
Ճգնաժամի քաղաքական հետևանքները և հնարավոր զարգացումները
ԺՀԿ-ում ստեղծված ճգնաժամը զգալիորեն փոխել է Թուրքիայի ներքաղաքական հավասարակշռությունը։ Եթե 2019 և 2024 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո ընդդիմությունը կարողացել էր ձևավորել իշխանությանը մրցակից ուժի պատկեր՝ հաղթելով Ստամբուլում և Անկարայում, ապա ներկայումս նրա հիմնական ռեսուրսներն ուղղվում են ոչ թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ քաղաքական պայքարին, այլ ներքին հակասությունների հաղթահարմանը։ Այդ իրավիճակը նվազեցնում է ընդդիմության՝ հասարակության օրակարգը ձևավորելու և իշխանության նկատմամբ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունները։
Այս իրավիճակից քաղաքական առումով առավելապես կարող է շահել իշխող դաշինքը։ Քանի դեռ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է ԺՀԿ-ի ներքաղաքական ճգնաժամի վրա, իշխանությունը հնարավորություն է ստանում որոշ չափով երկրորդ պլան մղել երկրի ծանր սոցիալ-տնտեսական խնդիրները։ Իշխող էլիտան իրադարձություններին հետևում է ընդգծված, ռազմավարական հանգստությամբ։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրապարակավ հայտարարել է, որ իշխանությունը որևէ կապ չունի գործընթացի հետ՝ կատարվածն անվանելով «դատարանի միջանցքներ հասած ներքին աթոռակռիվ»։ ԱԶԿ ղեկավարությունն էլ իր հերթին բացահայտ ծաղրով արձանագրել է, որ դատարան դիմողն ու դատվողը հենց ընդդիմադիրներն են, իսկ ճգնաժամը Օզգյուր Օզելի անփորձության և անկարողության տրամաբանական հետևանքն է։
Քանի դեռ ԺՀԿ-ն զբաղված է իր ղեկավարության լեգիտիմության, դատական գործընթացների և հնարավոր պառակտման հարցերով, իշխանությունը ստանում է ավելի մեծ քաղաքական մանևրելու հնարավորություն՝ առաջ մղելու իր առաջնահերթությունները, այդ թվում՝ նոր սահմանադրության շուրջ քննարկումները, «ահաբեկչությունից զերծ Թուրքիայի» (քրդերի զինաթափման) գործընթացը և տնտեսական քաղաքականության իրականացման միջոցառումները։ Միաժամանակ ընդդիմության ներսում խորացող տարաձայնությունները կարող են թուլացնել նաև այն միասնական ճակատը, որը վերջին տարիներին ձևավորվել էր Էքրեմ Իմամօղլուի շուրջ։
Միևնույն ժամանակ՝ ստեղծված իրավիճակը չի նշանակում, որ Թուրքիայի ընդդիմությունը վերջնականապես կորցրել է իր քաղաքական ներուժը։ Եթե Օզելի գլխավորած թևին հաջողվի պահպանել պատգամավորների, տեղական կառույցների և ընտրազանգվածի զգալի մասի աջակցությունը, ապա հնարավոր նոր քաղաքական ուժը կարող է վերաձևավորել ընդդիմադիր դաշտը։ Սակայն նման սցենարը կպահանջի ժամանակ և, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ընդդիմադիր ձայների ժամանակավոր մասնատման։
Այսպիսով՝ ԺՀԿ-ի շուրջ ծավալվող ճգնաժամը վաղուց արդեն դուրս է եկել մեկ կուսակցության ներքին պայքարի շրջանակներից։ Իրավիճակի ելքը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ ոչ միայն գլխավոր ընդդիմադիր ուժի ապագայի, այլև 2028 թվականի նախագահական ընտրություններից առաջ երկրում քաղաքական ուժերի դասավորության վրա։ Եթե ճգնաժամը հանգեցնի ընդդիմության պառակտմանը, ապա իշխանության համար մրցակցային դաշտը կթուլանա։ Իսկ եթե այն ավարտվի ընդդիմության վերակազմավորմամբ և նոր առաջնորդության շուրջ համախմբմամբ, Թուրքիայի քաղաքական համակարգը կարող է մտնել նոր մրցակցային փուլ։
Առավել հավանական է առաջին սցենարը, քանի որ կուսակցության ներսում ձևավորված հակադիր բևեռները դեռևս չեն ցուցաբերում փոխզիջման պատրաստակամություն, իսկ դատական գործընթացները և ղեկավարության շուրջ շարունակվող անորոշությունը խորացնում են անվստահությունը։ Այս պայմաններում ընդդիմության համար դժվար է պահպանել միասնականությունը և կենտրոնանալ իշխանության դեմ պայքարի վրա, մինչդեռ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը շարունակում է օգտվել ընդդիմության ներքին թուլացումից։








