Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջնորդների միջոցով ստացել է ԱՄՆ-ի հետ լարվածության թուլացման և հնարավոր հրադադարի վերաբերյալ առաջարկներ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաին։ «Կան առաջարկներ, մենք ստացել ենք դրանք, սակայն թույլ տվեք չմանրամասնել», – ասել է Բաղաին՝ պատասխանելով հրադադարի վերաբերյալ հարցին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ միջնորդները փորձում են նվազեցնել Վաշինգտոնի և Թեհրանի միջև այս ամիսների ընթացքում առաջացած լարվածությունը։ Միևնույն ժամանակ, ամերիկյան «The Washington Post»-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյայի, հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստվում է Իրանի հետ հնարավոր լայնածավալ հակամարտության՝ տարածաշրջանում ուժեղացնելով իր ռազմական ներկայությունը։ ԱՄՆ-ի ռազմական ավիացիայի և լիցքավորող ինքնաթիռների տեղակայման մասին ավելի վաղ գրել էր նաև «The Wall Street Journal»-ը։
Լարվածության նոր փուլը սկսվել էր այն բանից հետո, երբ հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ը վերսկսել էր հարվածները Իրանի ուղղությամբ՝ մեղադրելով Թեհրանին Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա հարձակումների մեջ։ Իրանը հայտարարել էր, որ ամերիկյան գործողությունները խախտում են ձեռք բերված պայմանավորվածությունները, և պատասխան հարվածներ էր հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ։







