Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Շանհայում անցկացված Արհեստական բանականության համաշխարհային համաժողովում կոչ է արել խորացնել միջազգային համագործակցությունը արհեստական բանականության ոլորտում և թույլ չտալ, որ որևէ երկիր գերիշխի այդ տեխնոլոգիայի զարգացման վրա։ Այս մասին հայտնել է «Al Jazeera»-ն։
Նրա հայտարարությունը դիտարկվում է որպես անուղղակի ուղերձ Միացյալ Նահանգներին՝ Չինաստան-ԱՄՆ տեխնոլոգիական մրցակցության ֆոնին։
Համաժողովի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է Արհեստական բանականության համագործակցության համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին, որի հիմնադիր անդամ են դարձել 29 երկրներ։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։
Սի Ծինփինի խոսքով՝ արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի բաց կոդով տեխնոլոգիաների, միջազգային համագործակցության և զարգացող երկրների համար հավասար հնարավորությունների ապահովման վրա։
«Արհեստական բանականության զարգացումը չպետք է լինի մեկ երկրի սոլո ելույթ, այլ միջազգային համագործակցության սիմֆոնիա»,- հայտարարել է Չինաստանի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է հրաժարվել ազգային անվտանգության չափազանց լայն մեկնաբանությունից և չդնել մեկ երկրի անվտանգությունը մյուսների շահերից վեր։
Սի Ծինփինը հանդես է եկել նաև «մարդակենտրոն» արհեստական բանականության գաղափարի օգտին՝ նշելով, որ ԱԲ-ն պետք է մշտապես մնա մարդու վերահսկողության ներքո՝ համապատասխան կարգավորումների, տեխնոլոգիական վերահսկողության, վաղ նախազգուշացման և արտակարգ արձագանքման մեխանիզմների միջոցով։
Նորաստեղծ կազմակերպությունը, որի կենտրոնակայանը տեղակայված կլինի Շանհայում, նպատակ ունի խթանել ԱԲ-ի ոլորտում միջազգային համագործակցությունը և մշակել անվտանգ ու միասնական կանոնակարգեր։ Կազմակերպության հիմնադիր անդամների թվում են Ինդոնեզիան, Բրազիլիան, Մալայզիան, Հարավային Աֆրիկան, Սենեգալը, Ռուսաստանը, Պակիստանը և այլ երկրներ։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ Պեկինը կազմակերպության միջոցով ձգտում է մեծացնել իր ազդեցությունը ՄԱԿ-ում արհեստական բանականության կառավարման և միջազգային կանոնների ձևավորման գործընթացում՝ առաջարկելով ԱՄՆ-ից տարբերվող, ավելի պետակենտրոն մոտեցում։
Չինաստանը վերջին տարիներին զգալի ներդրումներ է կատարել արհեստական բանականության զարգացման մեջ՝ չիպերի արտադրությունից մինչև տվյալների մշակման կենտրոններ։ Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն սահմանափակումներ է կիրառել Չինաստան բարձր տեխնոլոգիական կիսահաղորդիչների արտահանման նկատմամբ՝ դա հիմնավորելով ազգային անվտանգության նկատառումներով, մինչդեռ Պեկինը այդ քայլերը գնահատում է որպես իր տեխնոլոգիական զարգացմանը խոչընդոտելու փորձ։ Փորձագետների կարծիքով՝ կազմակերպության ստեղծմամբ Չինաստանը փորձում է ոչ միայն զարգացնել սեփական ԱԲ ենթակառուցվածքը, այլև ձևավորել արհեստական բանականության գլոբալ կառավարման նոր համակարգ՝ հատկապես զարգացող երկրների աջակցությամբ։







