Հարավային Լիբանանի տասնյակ տեղահանված բնակիչներ սկսել են վերադառնալ իրենց գյուղեր՝ Իսրայելի, Լիբանանի և ԱՄՆ-ի կողմից «փորձնական գոտիների» ծրագրի մեկնարկի մասին հայտարարությունից հետո։ Ծրագիրը նախատեսում է, որ Իսրայելը պետք է դուրս գա հարավային Լիբանանի մի շարք տարածքներից և դրանց վերահսկողությունը փոխանցի Լիբանանի կառավարությանը։ Այն ամրագրված է նախորդ ամիս Վաշինգտոնում կնքված շրջանակային համաձայնագրով, այս մասին հայտնում է «AL Jazeera»-ն։
Չնայած անվտանգության խնդիրներին՝ որոշ ընտանիքներ սկսել են վերադառնալ իրենց տները։ Ֆրունում բնակիչները փորձում են մաքրել ավերված շենքերի փլատակները և վերականգնել իրենց ունեցվածքը։ Գյուղում դեռևս չկան ջուր, էլեկտրականություն և հեռախոսային կապ, սակայն բնակիչները հայտարարում են, որ ցանկանում են վերադառնալ և վերակառուցել իրենց տները։
Նշենք, որ Ֆրունն ու Ղանդուրիեն գտնվում են իսրայելական դիրքերի հարևանությամբ, իսկ ճանապարհների որոշ հատվածներ պարբերաբար ենթարկվում են կրակի։ Միևնույն ժամանակ, տարածքում ակտիվացել են Լիբանանի բանակի պարեկային խմբերը, որոնք ստուգում են մեքենաներն ու բնակիչների փաստաթղթերը։ Ղանդուրիեի քաղաքային խորհրդի ղեկավար Մոհամմադ Նադերի խոսքով՝ գյուղի 260 տներից 250-ը ամբողջությամբ կամ մասնակիորեն ավերվել են։ Նա դեմ է գյուղը «փորձնական գոտու» ծրագրում ներառելուն՝ պնդելով, որ իսրայելական ուժերն այնտեղ չեն մտել։ Այս հարցը, ինչպես նաև «Հեզբոլլահի» զինաթափման թեման, ակնկալվում է, որ քննարկման առանցքում կլինի Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման ժամանակ, մինրդեռ Իսրայելը պնդում է, որ «Հեզբոլլահը» պետք է զինաթափվի՝ նախքան հարավային Լիբանանից ամբողջական դուրսբերումը։







