Թուրքիայի ռազմաօդային ուժերը 2026 թվականի օգոստոսից մինչև նոյեմբեր ՆԱՏՕ-ի «Baltic Air Policing» առաքելության շրջանակում շուրջօրյա հերթապահություն կիրականացնեն Բալթյան երկրների օդային տարածքում։
Թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ առաքելությանը կմասնակցեն Թուրքիայի ռազմաօդային ուժերի 181-րդ ավիացիոն էսկադրիլիայի հինգ F-16 կործանիչներ և 76 զինծառայող, որոնք կտեղակայվեն Էստոնիայի Ամարի ավիաբազայում։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչների խոսքով՝ առաքելության ընթացքում թուրք օդաչուները մշտական մարտական պատրաստականությամբ կարձագանքեն օդային սահմանների հնարավոր խախտումներին և չնույնականացված օդային օբյեկտներին, ինչպես նաև համատեղ գործողություններ կիրականացնեն դաշնակից երկրների ուժերի հետ։
181-րդ էսկադրիլիայի հրամանատար, փոխգնդապետ Օզդեմիրը նշել է, որ «Baltic Air Policing»-ը ՆԱՏՕ-ի խաղաղ պաշտպանական առաքելություն է, որի նպատակն է ապահովել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի օդային տարածքի անվտանգությունը, քանի որ այդ երկրները սեփական կործանիչ ավիացիա չունեն։
Նրա խոսքով՝ առաքելությունը ռազմավարական նշանակություն ունի ՆԱՏՕ-ի արևելյան թևի պաշտպանության համար և միաժամանակ նպաստում է Թուրքիայի զսպման կարողությունների, դաշնակիցների հետ փոխգործակցության և ռազմավարական ներուժի ամրապնդմանը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Baltic Air Policing» առաքելությունը գործում է 2004 թվականից՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի՝ դաշինքին անդամակցելուց հետո։ Առաքելության շրջանակում կործանիչ ավիացիա ունեցող դաշինքի անդամ պետությունները հերթափոխով՝ յուրաքանչյուր չորս ամիսը մեկ, ապահովում են Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանությունը։







