Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Եվրոպական միությանը Վրաստանի անդամակցությունը կարող է կորցնել իր իմաստը, եթե կառույցում չեղարկվի վետոյի իրավունքը։
Նման արձագանքի պատճառ է դարձել Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի առաջարկը, ըստ որի՝ Եվրոմիությունը պետք է հրաժարվի որոշումները միաձայն ընդունելու կարգից և անցնի ձայների մեծամասնությամբ որոշումներ կայացնելու մոդելին։
Պապուաշվիլիի գնահատմամբ՝ եթե մեծ պետությունների համար այս մոդելն ընդունելի է իրենց տնտեսական ու քաղաքական կշռի պատճառով,ապա փոքր երկրների համար դա կլինի աղետալի փոփոխություն։ Նա ընդգծել է, որ ԵՄ անդամակցության հիմնական իմաստն ու մոտիվացիան սեփական ազգային շահերը առաջ տանելու և վնասակար որոշումները կասեցնելու լծակն է։
Վրաստանի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ հնարավորությունը խլելու դեպքում կառույցը կորցնում է իր քաղաքական գրավչությունը, և նման պայմաններում փոքր երկրների համար, թերևս, ավելի շահավետ է մնալ ԵՄ-ից դուրս՝ որոշումներն ուրույն ու ազատ կայացնելու իրավունքը պահպանելու համար։







