Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը խիստ պատժաչափեր է սահմանել «Toplum TV» ընդդիմադիր լրատվամիջոցի և Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի 9 լրագրողների ու ակտիվիստների նկատմամբ: Դատապարտվածների փաստաբանները հայտարարել են, որ վճիռը կբողոքարկեն վերաքննիչ դատարանում, քանի որ մեղադրանքներն անհիմն են, իսկ դատավարությունն ընթացել է ակնհայտ ոչ օբյեկտիվ պայմաններում:
Դատարանի վճռով առավելագույն՝ 15 տարվա ազատազրկման են դատապարտվել Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Ղուրբանովն ու կազմակերպության աշխատակից Ռուսլան Իզզեթլին:
«Toplum TV»-ի հիմնադիր Ալեսքեր Մամեդլին և ակտիվիստ Ալի Զեյնալը դատապարտվել են 14 տարվա, իսկ Ռամիլ Բաբաևը, Մուշվիգ Ջաբբարն ու Իլքին Ամրահովը՝ 13-ական տարվա ազատազրկման: Լրագրող Ֆարիդ Իսմայիլովը ստացել է 12 տարվա ազատազրկում:
Ամենամեղմ պատիժը սահմանվել է Էլմիր Աբբասովի նկատմամբ՝ 11 ամիս 28 օր: Նա միակն էր, որ քննության ընթացքում գտնվել է ոստիկանության հսկողության տակ, սակայն դատավճռի հրապարակումից անմիջապես հետո ձերբակալվել է դատարանի դահլիճում:
Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ դատաքննության ընթացքում չի ներկայացվել որևէ հավաստի ապացույց, որը կհաստատեր ամբաստանյալների մեղքը, իսկ փաստաբանների միջնորդությունները դատարանը պարզապես մերժել է:
Ալեսքեր Մամեդլիի փաստաբան Ֆահրադդին Մեհդիևը նշել է, որ իր պաշտպանյալի օրինական եկամուտները դատարանը ներկայացրել է որպես «ապօրինի ստացված միջոցներ»: Մյուս պաշտպաններն ընդգծում են, որ լրագրողներն ու ակտիվիստները ճնշումների են ենթարկվել բացառապես իրենց մասնագիտական ու հանրային գործունեության համար:
Հիշեցնենք, որ «Toplum TV-ի գործով» անցնող տասը քաղաքացիական ակտիվիստներն ու լրագրողները ձերբակալվել էին 2024 թվականի մարտին՝ մաքսանենգության մեղադրանքով: Ընթացիկ տարվա հունվարին մեղադրանքին ավելացրել են ևս հինգ հոդված:








