Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ուժերը շարունակում են պաղեստինցիների դեմ գործողությունները: ՄԱԿ-ը զգուշացրել է, որ տարածաշրջանում իրավիճակը հասել է «ճգնաժամային կետի»։ Այս մասին հայտնում է «Al Jazeera»-ն:
«Al Jazeera»-ի և պաղեստինյան «Wafa» գործակալության տվյալներով՝ օգոստոսի 11-ին առնվազն 23 պաղեստինցի է ձերբակալվել, այդ թվում՝ երկու երեխա։ Իսրայելական ուժերը նաև քանդել են պաղեստինցիներին պատկանող բնակելի տներ և այլ շինություններ: Միաժամանակ, իսրայելցի վերաբնակիչները հարձակումներ են գործել պաղեստինյան գյուղերում։ Ալ-Մուղայիր գյուղում հարձակման հետևանքով վիրավորվել է վեց պաղեստինցի, այդ թվում՝ երեք երեխա և երկու կին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2026 թվականին Արևմտյան ափին իսրայելական ուժերի և վերաբնակիչների գործողությունների հետևանքով սպանվել է 76 պաղեստինցի, այդ թվում՝ 18 երեխա։ Վերաբնակիչների բռնությունների և հետապնդումների հետևանքով տեղահանվել է մոտ 3,800 պաղեստինցի։
ՄԱԿ-ը նաև հայտնել է, որ այս տարվա ընթացքում պաղեստինյան համայնքների դեմ ավելի քան 1430 հարձակում է արձանագրվել։ ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռամիզ Ալաքբարովը հայտարարել է, որ այս գործողությունները փոխում են Արևմտյան ափի կարգավիճակը և նպաստում դրա «փաստացի բռնակցմանը»։
Նշենք, որ 1967 թվականի Վեցօրյա պատերազմից հետո Իսրայելը իր վերահսկողության տակ է վերցրել Հորդանան գետի Արևմտյան ափը։ Այդ տարածքներում, որոնք պաղեստինցիները համարում են իրենց ապագա պետության հիմքը, Թել Ավիվը հիմնել է իսրայելական բնակավայրեր։ Այսօր Արևմտյան ափում ապրում է շուրջ 500,000-700,000 իսրայելցի վերաբնակիչ։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը, այս բնակավայրերն անօրինական է համարում։







