Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածների հետևանքով Լիբանանի հարավում զոհվել է առնվազն 11 մարդ, վիրավորվել՝ 19-ը: Սա ԱՄՆ միջնորդությամբ շրջանակային համաձայնագրի ստորագրումից ի վեր Լիբանանի դեմ Իսրայելի ամենախոշոր հարվածներից մեկն է: Այս մասին հայտնում է France-24-ը:
Ըստ լրատվամիջոցի՝ 7 մարդ զոհվել է Անսար գյուղում, իսկ 4-ը՝ Դեյր էլ-Զահրանի գյուղում: Հարվածներ են եղել նաև Լիտանի գետից հյուսիս գտնվող ռազմավարական Ալի ալ-Թահեր բլրի ուղղությամբ:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորել է «Հեզբոլլահի» «Ռադվան» հատուկ նշանակության ստորաբաժանման կենտրոնական շտաբը՝ ի պատասխան հյուսիսային սահմանամերձ գոտում իր զինծառայողների դեմ իրականացված հարձակման: Իսրայելական կողմի պնդմամբ՝ հարվածի ընթացքում սպանվել է «Ռադվան» ստորաբաժանման հրամանատար Ալի Սամիր Ալ-Հաջ Հասանը:
«Հեզբոլլահն» իր հերթին հայտարարել է, որ Թել Ավիվի հարձակումները «կստանան իրենց արժանի պատասխանը»: Իսրայելի հարձակումը դատապարտել է նաև Լիբանանի քաղաքական ղեկավարությունը: Նախագահ Ժոզեֆ Աունը հայտարարել է, որ հարվածները «հստակ ուղերձ» են՝ ուղղված բանակցությունների և ԱՄՆ միջնորդական ջանքերի ձախողմանը: Վարչապետ Նավաֆ Սալամն ընդգծել է, որ Անսարում զոհված կանայք և երեխաները ռազմական թիրախներ կամ ռազմական ենթակառուցվածք չեն: Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրին ազգային միասնության կոչ է արել և բանակցությունների հովանավորներին հորդորել ստանձնել պատերազմը կանգնեցնելու պատասխանատվությունը:
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչ Դորոն Սպիելմանը նշել է, որ հարվածները «ավելի լուրջ և իրական» կդարձնեն բանակցային գործընթացը: Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն իր հերթին վերահաստատել է, որ իսրայելական զորքերը դուրս չեն գա Լիբանանի հարավից, քանի դեռ «Հեզբոլլահը» զինաթափված չէ: ԱՄՆ պետդեպարտամենտը, սակայն, նշել է, որ Լիբանանի հարավում իսրայելական մշտական ռազմական ներկայությունը չի համապատասխանում ձեռք բերված նախնական պայմանավորվածություններին:








