Ռուսաստանը պետք է Ուկրաինայում պատերազմը «հաղթանակով ավարտի» մինչև 2030 թվականը։ Այս ժամկետը Газета.ru-ի հետ զրույցում նշել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Սոբոլևը։
Ռուս պատգամավորի խոսքով՝ Մոսկվայի համար կարևոր է Ուկրաինայում հակամարտությունը ավարտին հասցնել նախքան այն պահը, երբ ՆԱՏՕ-ի երկրները պատրաստ կլինեն Ռուսաստանի դեմ պատերազմի։
Սոբոլևը պնդել է, որ մի շարք եվրոպական երկրներ պատրաստվում են հնարավոր հակամարտության։ Նա նշել է Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Բելգիան, Նորվեգիան, Ֆինլանդիան և Շվեդիան՝ հայտարարելով, որ այդ երկրները, իր գնահատմամբ, ձգտում են Ռուսաստանին «ռազմավարական պարտության» մատնել։
Սոբոլևի կարծիքով՝ Ուկրաինայում հաղթանակից հետո Ռուսաստանը պետք է վերակառուցի իր զինված ուժերն այնպես, որ դրանք կարողանան դիմակայել ցանկացած աշխարհաքաղաքական հակառակորդի հնարավոր հարձակմանը։
Ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել այս տարվա դեկտեմբերից մինչև 2027 թվականի ամառվա վերջն ընկած ժամանակահատվածում։







