Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թուրքմենստանում անցկացվող ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի գագաթնաժողովում առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Թեհրանի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ այն պետք է դառնա երկխոսության և համագործակցության ճկուն ու արդյունավետ մեխանիզմ։ «RegionMonitor»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
«Մեզ համար տարածաշրջանային դիվանագիտությունը պարզապես հանդիպումների անցկացում չէ․ այն պետք է դառնա ճգնաժամերի կառավարման, կապերի պահպանման, հակամարտությունների սրումը կանխելու և գործնական համագործակցությանը նպաստելու գործիք»,- հայտարարել է Փեզեշքիանը։
Փեզեշքիանը կարևորել է երկրների հնարավորությունների համատեղումը, որպեսզի յուրաքանչյուրն օգտվի ընդհանուր աշխարհագրական տարածքի ընձեռած առավելություններից։ Նա նաև առաջարկել է Մերձավոր Արևելքում ձևավորել էներգակիրների արտադրության, փոխանցման և փոխանակման միասնական ցանց՝ ընդգրկելով նավթը, գազը, էլեկտրաէներգիան և վերականգնվող էներգիայի աղբյուրները։
Իրանի նախագահն ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցում է որպես հատուկ հյուր՝ կազմակերպության պատմության մեջ առաջին անգամ։







