ԱՄՆ վարչակազմը Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ներառել է այն երկրների ցանկում, որոնք, ըստ Սպիտակ տան, օգնում են Չինաստանին շրջանցել ամերիկյան մաքսատուրքերը և պահպանել ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ։
«Վերաարտահանման մեծ խարդախությունը» («The Great Re-Export Scam») զեկույցում ավելի քան 40 երկիր բաժանված է երեք խմբի։ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանն ու Ուզբեկստանը ներառվել են երրորդ խմբում, որտեղ ընդգրկված են համեմատաբար փոքր տնտեսություններ, որոնք կարող են Չինաստանին տրամադրել ազատ տնտեսական գոտիներ, նավահանգիստներ, սահմանային անցակետեր, պահեստներ և ապրանքների սահմանափակ վերամշակման հնարավորություններ։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանն ու Վրաստանն ապահովում են երկաթուղային և ցամաքային տարանցում, բեռների համախմբում, ինչպես նաև ցամաքային ու ծովային երթուղիների կապակցում։ Ղազախստանի և Ուզբեկստանի ենթադրյալ դերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չեն ներկայացվում։
Սպիտակ տան գնահատմամբ՝ երրորդ երկրների միջոցով չինական ապրանքների վերաարտահանման հետևանքով ԱՄՆ բյուջեի տարեկան կորուստները կարող են կազմել 40-303 մլրդ դոլար։
Նման սխեմաների դեմ պայքարելու համար ԱՄՆ վարչակազմը նախատեսում է կիրառել արհեստական բանականության վրա հիմնված «America’s Detective Border» համակարգը, որը վերլուծելու է ապրանքների հայտարարագրված ծագումը, փոխադրման երթուղիները և դրանց բաղադրիչների վերաբերյալ տվյալները՝ հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով։
Զեկույցում նաև նշվում է, որ Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը ներգրավված են ինչպես Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում, այնպես էլ «Միջին միջանցք» նախագծում։








