«Խաղաղության խաչմերուկի ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով փորձագիտական կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն անդրադարձել է Սև ծովի հատակով նախատեսվող էլեկտրական մալուխի ծրագրին Հայաստանի հնարավոր մասնակցությանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ծրագրի խիստ նախնական փուլում պատրաստակամություն և ցանկություն է հայտնել մասնակցելու նախաձեռնությանը և որոշակիորեն ներգրավված է եղել տեղեկատվության տրամադրման ու տեխնիկատնտեսական հետազոտությունների աշխատանքներում։
Աբրահամյանը նշել է, որ ծրագրի հետագա ընթացքից կախված՝ հնարավոր կլինի գնահատել Հայաստանի մասնակցության հնարավորությունները։
«Այս պահին, ցավոք սրտի, նման մեկնաբանություն, թե ինչպես է իրադրությունը փոխվում, վաղաժամ է։ Բայց այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,- ասել է նա։






