«Խաղաղության խաչմերուկի ապագան. Արհեստական բանականություն, անվտանգություն և թվային ինքնիշխանություն» թեմայով փորձագիտական կլոր սեղան-քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկ տարածաշրջանային շուկաների բաժնի պետ Հովհաննես Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի էներգետիկ ոլորտի և վերականգնվող էներգետիկայի զարգացմանը նշելով, որ 2021 թվականին ընդունված Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարությունն ընդգրկում է ոլորտը՝ արտադրությունից մինչև հաղորդում և բաշխում։ Ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը էլեկտրաէներգիայի շուկայի աստիճանական ազատականացումն է։
Աբրահամյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում հատկապես արագ զարգացել է արևային էներգետիկան։ Եթե 2018 թվականին արևային էներգիայի հզորությունը կազմում էր մոտ 15-20 ՄՎտ, ապա այժմ այն գերազանցում է 1200 ՄՎտ-ը։
Նրա խոսքով՝ արևային էներգիայի արագ զարգացումը նաև տեխնիկական խնդիրներ է առաջացնում՝ կապված էլեկտրացանցի կայունության և հաճախականության կարգավորման հետ։ Այդ խնդիրների լուծման համար կարևոր դեր կարող են ունենալ էներգիայի կուտակման համակարգերը՝ մարտկոցային կայանները։
Ըստ Աբրահամյանի՝ կուտակիչները հնարավորություն կտան պահպանել արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան և օգտագործել այն անհրաժեշտ ժամանակահատվածում՝ նպաստելով էներգահամակարգի կայուն աշխատանքին








