Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամակցությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ РИА Новости-ին տված մեկնաբանությունում։
«Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Հայաստանի գործն է։ Ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի ԵՄ-ի հետ մերձենալու դեպքում»,-ասել է Օվերչուկը։
Օվերչուկի հայտարարությունը հնչել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո։
Հանդիպման ընթացքում Պուտինն առաջարկել էր քննարկել Հայաստանի հետագա արտաքին քաղաքական կողմնորոշմանն առնչվող հարցերը՝ ընդգծելով, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում հայ ժողովրդի ցանկացած որոշմանը։
Միաժամանակ Պուտինը նշել էր, որ ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան ընտրությունն է, սակայն ԵՄ-ին և Եվրասիական տնտեսական միությանը միաժամանակ անդամակցել հնարավոր չէ։







