Երևանում մեկնարկած հայ-թուրքական գործարար համաժողովի բացման ընթացքում ելույթ է ունեցել Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նեջդեթ Թաքվան։
Region Monitor-ի թղթակցի փոխանցմամբ՝ Թաքվան նշել է, որ Վանի գործարար համայնքը Հայաստան է եկել ոչ թե ազգային քաղաքականությունը ներկայացնելու, այլ Վանի և Երևանի տնտեսական շահերն ու հնարավորությունները զարգացնելու նպատակով։
Թաքվան առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել հայ-թուրքական տնտեսական և քաղաքացիական երկխոսության զարգացմանը նպաստող կառույցներին՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը, Թուրքիայի տնտեսական քաղաքականությունների հետազոտական հիմնադրամին, Հրանտ Դինք հիմնադրամին և Եվրասիական գործընկերության հիմնադրամին։
Նրա խոսքով՝ սահմանների փակ լինելու և պաշտոնական հաղորդակցության սահմանափակման պայմաններում հենց քաղաքացիական ու գործարար դիվանագիտությունն է պահպանել երկու հասարակությունների միջև կապերը։
Թաքվան անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային հարաբերությունների կարգավորման վերջին քայլերին՝ նշելով ուղիղ օդային բեռնափոխադրումների մեկնարկը, մաքսային ընթացակարգերի դյուրացման և սահմանային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները։
«Դիվանագիտության բացած ճանապարհը մշտական դարձնելու և այդ միջանցքներին զբաղվածություն ու բարեկեցություն բերելու հիմնական ուժը առևտուրն է»,- նշել է նա։
Թաքվայի խոսքով՝ Վանը իր աշխարհագրական դիրքի շնորհիվ Թուրքիայի համար Հայաստանի և Եվրասիայի շուկաներ դուրս գալու ամենամոտ և ռազմավարական առևտրային կենտրոններից մեկն է։
Ըստ Թաքվայի՝ սահմանների բացումը հնարավորություն կտա վերացնել Վրաստանի կամ Իրանի տարածքով փոխադրումների դեպքում առաջացող լրացուցիչ տարանցիկ ծախսերը։
Նա նաև ներկայացրել է հայ և թուրքական տնտեսությունների հնարավոր փոխլրացման ոլորտները։ Նրա խոսքով՝ Վանի արդյունաբերական գոտու արտադրական ներուժը կարող է համադրվել Հայաստանում պահանջարկ ունեցող շինանյութերի, շինարարական քիմիական նյութերի, պլաստիկի, խողովակների, փաթեթավորման, կահույքի, պատրաստի հագուստի և սննդի վերամշակման ոլորտների հետ։
Միաժամանակ Թաքվան նշել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական հումքը, մետալուրգիական արտադրանքը և տեքստիլի կիսաֆաբրիկատները կարող են լրացուցիչ հումքային հնարավորություն ստեղծել Թուրքիայի արդյունաբերության համար։ Նա այս հարաբերությունները բնութագրել է ոչ թե մրցակցության, այլ երկու հարևան տնտեսությունների փոխլրացման տեսանկյունից։
Թաքվան կարևոր հնարավորություն է տեսնում նաև Հայաստանի միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու հարցում։ Նրա խոսքով՝ թուրքական արտադրողները կարող են հայ գործընկերների հետ համագործակցել Հայաստանի ազատ տնտեսական գոտիների և տեխնոպարկերի միջոցով և «Արտադրված է Հայաստանում» մակնշմամբ մուտք գործել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շուկաներ։
Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը ներկայացրել է նաև երկու կոնկրետ առաջարկ։
Առաջինը՝ Վանում դիվանագիտական ներկայացուցչության ստեղծումն է։ Նրա խոսքով՝ դա կարող է նպաստել վիզաների, մաքսային համակարգման և առևտրային փաստաթղթաշրջանառության առավել արագ կազմակերպմանը։ Թաքվան հայտարարել է, որ Վանի առևտրաարդյունաբերական պալատը պատրաստ է սեփական ծառայությունների շենքում տարածք տրամադրել նման ներկայացուցչության համար։
Երկրորդ առաջարկը Վանում՝ Աղթամար կղզու խորհրդանիշի ներքո, Հայաստան-Թուրքիա մշակութային և առևտրային դիվանագիտության գագաթնաժողովի անցկացումն է։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունը կարող է նպաստել ոչ միայն տնտեսական և մշակութային կապերի խորացմանը, այլև պատմական ժառանգության պահպանման և վերականգնման համար միջազգային ու եվրոպական ֆինանսական միջոցների ներգրավմանը։
«Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ լավ է, և այս շրջանակում ամբողջ սրտով աջակցում ենք նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մենք այստեղ չենք ներկայացնում մեր երկրի ազգային քաղաքականությունը․ փորձում ենք լինել մեր գործարար աշխարհի ձայնը, և այս հարցում իսկապես անկեղծ ենք», – ընդգծել է Վանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահը։
Նա ելույթն ավարտել է՝ նշելով, որ Երևանում սկսված գործարար շփումները կարող են հետագայում վերածվել Կովկասում տնտեսական բարեկեցության, բարեկամության և կայուն խաղաղության։







