Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունն ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը կոչ է արել միջամտել՝ դադարեցնելու Լիբանանի ուղղությամբ Իսրայելի հարվածները: Այս մասին հայտնում է «The Times of Israel»-ը։
Նախագահի հայտարարությունը հաջորդել է հարավային Լիբանանին հասցված հարվածներին, որոնց հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։
Աունը հարվածներն անվանել է «վտանգավոր էսկալացիա»՝ նշելով, որ դրանք թիրախավորել են նաև Լիբանանի պետական կառույցներն ու առողջապահական հաստատությունները։ Նա ԱՄՆ-ին և այլ երկրներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հրադադարի այդ խախտումները դադարեցնելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակն իր հերթին հայտարարել է, որ հարավային Լիբանանում ավիահարվածները իրականացվել են ի պատասխան «Հեզբոլլահ»-ի ԱԹՍ հարձակման։ Ըստ իսրայելական կողմի՝ հարվածների թիրախում եղել են խմբավորման անդամներ և ենթակառուցվածքներ։







