ԱՄՆ զինված ուժերը հարվածել են իրանական երեք նավթատարի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից ամերիկյան երկու ռազմանավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ արձակելուց հետո։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը։
«CENTCOM»-ը հայտնել է, որ Խարգ կղզու ափերի մոտ վնասազերծվել են 2 նավթատարները։ Օմանի ծոցում գտնվող դատարկ «M/T Kylo» նավթատարը մի քանի հարվածից հետո ամբողջությամբ ոչնչացվել է։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ երեք նավերն էլ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին և տարածաշրջանային դաշնակիցներին ֆինանսավորող բազմամիլիարդանոց «ստվերային ցանցի» մաս են կազմում, իսկ «CENTCOM»-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը հայտարարել է, որ եթե Իրանը հարձակվի ամերիկյան նավերի վրա, ԱՄՆ-ը «էլ ավելի բարձր տնտեսական գին» կսահմանի Թեհրանի համար՝ ոչնչացնելով նրա նավթատարները։
Նշենք, որ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի գործողությունները՝ դրանք անվանելով «ապօրինի և ագրեսիվ»։ Իրանական կողմը հայտարարել է, որ հարձակումները ՄԱԿ-ի կանոնադրության «հստակ խախտում» են և սպառնալիք են միջազգային խաղաղության ու առևտրային նավագնացության անվտանգությանը։
«CNN»-ի փոխանցմամբ՝ հարվածներից հետո լայնածավալ իրանական պատասխան հարվածի մասին տեղեկություններ դեռ չկան։ Միևնույն ժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանի շահերի և անվտանգության դեմ ցանկացած ագրեսիա կարժանանա «ավելի արագ, ծանր և ցավոտ պատասխանի»։
Հավելենք, որ Խարգ կղզին սովորաբար ապահովում է Իրանի հում նավթի արտահանման շուրջ 90 տոկոսը։







