Իսրայելը սպառնում է Պաղեստինյան ինքնավարության դեմ լայնածավալ պատերազմ սկսել, եթե վերջինիս անվտանգության ուժերը կամ այլ կառույցներ Իսրայելի զինուժի կամ հրեական բնակավայրերի դեմ «Համասի»՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակմանը նման գործողություն իրականացնեն։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Եթե Պաղեստինյան ինքնավարության անվտանգության կառույցները և դրանց հետ կապված մարմինները նախաձեռնեն կամ մենք հաստատ իմանանք, որ պատրաստվում են նախաձեռնել հոկտեմբերի 7-ի ոճով ահաբեկչական հարձակում Իսրայելի պաշտպանության բանակի ուժերի և հրեական բնակավայրերի դեմ, վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես հանձնարարել ենք բանակին պատրաստվել լայնածավալ պատերազմի մեկնարկին»,- ասել է Կացը։
Նրա խոսքով՝ հնարավոր ռազմական գործողության թիրախում կհայտնվեն Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությունը և կառույցները, ինչպես նաև Հորդանան գետի Արևմտյան ափի «ահաբեկչական ենթակառուցվածքները»։
Կացը նշել է, որ գործողությունը կարող է ներառել բարձրաստիճան պաշտոնյաների դեմ «թիրախային սպանություններ», ինչպես նաև այն քաղաքների ու գյուղերի բնակիչների տարհանում, որտեղից, ըստ Իսրայելի, իրականացվում են հարձակումներ։ Նա նաև խոսել է այդ տարածքներում իսրայելական զինուժի մշտական ներկայության մասին։
Պաղեստինյան կողմը դատապարտել է Կացի հայտարարությունները։ Պաղեստինի ազգային խորհրդի նախագահ Ռաուհի Ֆաթթուհը դրանք որակել է որպես Իսրայելի կառավարության «ագրեսիվ և ռասիստական բնույթի» դրսևորում՝ նշելով, որ Պաղեստինյան ինքնավարությունը զինված գործողությունների պաշտոնական մասնակից չէ։
Կացի հայտարարությունը հնչել է Արևմտյան ափում բռնության նոր աճի պայմաններում։ Իսրայելական զինուժը հայտնել է, որ երկուշաբթի օրը հետապնդման ընթացքում սպանել է պաղեստինցու, որը, ըստ Թել Ավիվի, դանակով հարձակվել էր իսրայելցի վերաբնակչի վրա։
Իսրայելն Արևմտյան ափը օկուպացրել է 1967 թվականից։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասի» հարձակումից և Գազայում պատերազմի սկսվելուց հետո տարածքում զգալիորեն աճել են ինչպես իսրայելական ուժերի, այնպես էլ իսրայելցի վերաբնակիչների և պաղեստինցիների միջև բախումները։







