ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 9-ին Դուբայում հանդիպել է «DP World» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էսսա Քազիմի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և «DP World»-ի միջև երկարաժամկետ համագործակցության հնարավորությունը։ Կողմերն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում ընկերության հնարավոր ներգրավմանը, ինչպես նաև Հայաստանում պահեստային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը։
Պապոյանը նշել է, որ Հայաստանի աշխարհագրական դիրքը, «TRIPP» ծրագիրը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը նոր հնարավորություններ են ստեղծում միջազգային լոգիստիկ ընկերությունների համար։
Նշենք, որ «DP World»-ը Դուբայում հիմնված միջազգային առևտրի և լոգիստիկայի ընկերություն է, որը զբաղվում է նավահանգիստների կառավարմամբ, բեռնափոխադրումներով և լոգիստիկ ծառայություններով։







