Ռուսաստանի միջուկային զենքը կուղղվի Լիտվայի դեմ, եթե այդ երկրի իշխանությունները Լիտվայում միջուկային զինանոց տեղակայեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ այդ զենքն ուղղված չի լինի դեպի արևմուտք, այն ուղղված կլինի դեպի արևելք, այսինքն՝ դեպի մեզ»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է «Интерфакс»-ը։ Նրա խոսքով՝ եթե Լիտվայի տարածքում տեղակայվի Ռուսաստանի դեմ ուղղված միջուկային զենք, ապա այդ երկրի տարածքը նույնպես կհայտնվի ռուսական միջուկային զենքի թիրախում։ Պեսկովը դա անվանել է «էսկալացիայի և լարվածության շատ լուրջ աճ»։
Նշենք, որ սեպտեմբերի 10-ին Լիտվայի Սեյմը (խորհրդարանը) հայտարարել էր, որ նախատեսում է այս ձմռանը Սահմանադրության մեջ փոփոխություն կատարել՝ իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի արգելքի դրույթը վերացնելու համար։ Ներկայում Լիտվայի Սահմանադրության 137-րդ հոդվածը նշում է, որ զանգվածային ոչնչացման զենքը և օտարերկրյա ռազմական բազաները չեն կարող տեղակայվել հանրապետության տարածքում։
Հունիսի սկզբին Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել էր, որ երկիրը բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների հետ իր տարածքում ամերիկյան միջուկային զենքի հնարավոր տեղակայման վերաբերյալ։







